Բաժիններ՝

Մի՞թե այդքան դատապարտյալների մեջ չկար մեկը, ով արժանի կլիներ ազատություն ստանալուն

Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության առջև ծառացած արտաքին մարտահրավերները՝ Արցախյան հարցի կարգավորում, գործընկեր պետությունների հետ հարաբերություններ, չեն զիջում ներքին լրջագույն խնդիրները՝ տնտեսական մտահոգիչ ցուցանիշներից՝ մինչև մարդու իրավունքների պաշտպանություն։ Միջակայքը կարող եք լրացնել ձեր ցանկությամբ։

Այդ խնդիրներին կարող է գումարվել նաև ցմահ ազատազրկման դատապարտված ու իրենց պատիժը 20 տարուց ավելի կրած այն անձանց խնդիրը, ովքեր սպասում էին, որ կհայտնվեն ազատության մեջ։

Բայց եղավ այն, ինչ եղավ։ Հարյուրից ավելի ներման սպասող դատապարտյալներից ընդամենը երկուսի պատժաչափը կրճատվեց 1-1.5 տարով։ Ծիծաղելի վիճակագրություն է, անշուշտ, բայց գործեց մի շատ պարզ բանաձև՝ «Կամ դուրս կգա Մհեր Ենոքյանը, նրա հետ՝ էլի շատերը կամ ոմանք, կամ դուրս չի գա Մհեր Ենոքյանը, ու նրա հետ՝ ոչ ոք»։

Այնուամենայնիվ, սորոսական պարտությունը փաստորեն կատարյալ ու անվերապահ չէր, որովհետև Մհեր Ենոքյանին ազատություն չշնորհելու գինը, փաստորեն, տասնյակ դատապարտյալների շարունակվող անազատությունն է։

Ներման գործընթացը մեկ օր չի տևում. դա ամիսների գործընթաց է։ Այդ ընթացքում ուսումնասիրվում են դատապարտյալների անձնական գործերը, նրանց՝ քրեակատարողական հիմնարկում դրսևորած վարքագիծը, դատավճիռը, բոլոր թեր և դեմ կողմերն ու առարկությունները։ Մի՞թե այդքան դատապարտյալների մեջ չկար մեկը, ով արժանի կլիներ ազատություն ստանալուն, մի՞թե վարչապետին կամ նախագահին չեն ներկայացրել նրանց պատմությունները, ինչը քիչ է հավանական, ու ոնց պտտվում ես, բախվում ես «կամ…կամ» պատին։

Մի՞թե ազատության արժանի չէր Արթուր Մկրտչյանը, ում գործը քննածներն անգամ կասկածի տակ են դնում քննության օբյեկտիվությունը, և նրան մեղսագրվող արարքի զոհերի ծնողները նույնիսկ բաց նամակ էին գրել ՀՀ 3-րդ նախագահին՝ խնդրելով ազատ արձակել վերջինիս, քանի որ նա չէ իրենց որդիների սպանության հեղինակը։

Կամ մի՞թե չէր կարելի ներել Աշոտ Մանուկյանին, ով նույնպես դրական վարքագիծ է դրսևորում, գիրք է գրել, ուր պատմում է իր կատարած հանցագործության մասին, ընդունում է իր մեղքը, կոչ անում երիտասարդ զինվորներին չկրկնել իր ճակատագրական սխալը, նույնիսկ ամենածանր պահերին կանգ առնել ու մի պահ մտածել, և ում կյանքի ամեն օրը զղջում ու ապաշխարանք է։

«Իմ գրքով ցանկացա ասել, որ վատ բան եմ արել, գիտակցում եմ, թե ինչ ապրումներ են ունեցել զոհվածների ծնողները, որոնց կուզեի, եթե ազատվեի, այցելել, և խնդրեի, որ ներեին»։

Սրանք Աշոտ Մանուկյանի խոսքերն են, որոնք նա ասել է իր գիրքը ներկայացնելիս։

Չէ՞ր կարելի ներել Ստեփան Գրիգորյանին, ով նույնպես պայքարում է իր ազատության համար, բազմիցս բաց նամակներ է հղել երկրի բարձրագույն իշխանություններին, ով մարդ չի սպանել համենայն դեպս, թեպետ չի էլ ասում, որ անմեղ է։
Հիմա կարող են տեսակետներ հնչել, թե ինչպես Մհեր Ենոքյանի, այնպես էլ մնացած ցմահականների դեպքում կարող են հարազատները դեմ լինել, սակայն դա շատ թույլ փաստարկ է, և, ինչպես Աննա Իսրայելյանի «Առաջին դեմքից» հաղորդման հյուրը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ դատապարտյալների անձնական գործերի մեջ կան նաև տուժող կողմի տեսակետն արտահայտող գրություններ առ այն, որ իրենք ներել են և դեմ չեն վերջիններիս ազատ արձակմանը։

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը forrights.am-ի հետ զրույցում ասել է, որ Ստեփան Գրիգորյանը ևս մոտ է ինքնասպանության. «Նա ծանր սթրեսային վիճակի մեջ է: Նրա կողքին կալանավորներ են, հետևում են, որ նա իրեն չվնասի»:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որն իսկապես պայթյունով է հղի։

Միգուցե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտի որ շատ լավ հասկանա, թե ինչի կարող է հանգեցնել բունտը քրեակատարողական հիմնարկներում, կամ ի՞նչ կարող է լինել զանգվածային չդադարեցվող հացադուլերի դեպքում։

Իրո՞ք Մհեր Ենոքյանն այդքան լուրջ խաղացող էր այս օղակում, որ նրա ազատ չարձակման գինը վճարելու համար հնարավոր աղետալի տարբերակներ կարող են կիրառվել։

Եվ, ի վերջո, ինչո՞ւ եք վարկաբեկում քրեակատարողական հիմնարկների հարյուրավոր աշխատակիցների, ովքեր տաժանակիր աշխատանք են կատարում, ամեն օր շփվում են ազատազրկված անձանց հետ, նպաստում նրանց վերասոցիալականացմանը, ուղղման գործընթացին, ու հիմա եթե ոչ ոք չի ներվում, ստացվում է, որ աշխատանք էլ չի տարվում։

Այս պատմության արտաքին երևացող շերտի տակ կարող են թաքնված լինել շատ ավելի լուրջ ու գլոբալ աշխարհաքաղաքական ենթաշերտեր, քան մենք այս պահին կարող ենք տեսնել, ու հիմա կարևոր է րոպե առաջ դրա դեմն առնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս