Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվն աճել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ Ուսումնասիրությունների համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է նշված հանցագործությունների աճ:
2018 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 317 քրեական գործ՝ նախորդ տարվա 265 քրեական գործի դիմաց:
Այսպես՝ 317 քրեական գործերից
41-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,
11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ նորածին երեխայի սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին և այլն:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 305 երեխա, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան:
Տուժող ճանաչված 305 երեխաներից 66-ի նկատմամբ (տուժող երեխաների ընդհանուր թվի 21.6%) բռնությունն իրականացվել է ընտանիքի անդամի կողմից:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 69 քրեական գործ՝ 73 անձի վերաբերյալ:
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 2 միջնորդություն: