«Կառավարությունում մի մարդ չկա, որ գյուղատնտեսության բնագավառը սիրի». Հրաչ Բերբերյանը՝ Կառավարության ծրագրի մասին
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի համար ՀՀ կառավարության ծրագիրը շատ թույլ է, գյուղատնտեսության զարգացման մասին ծրագրում չկա հստակ խոսք։
«Այն, ինչ այսօր կառավարությունը փորձում է անել գյուղատնտեսության ոլորտում՝ ընդամենը թույլ միջոցառում է, որը չի կարող դրական արդյունք տալ։ Եթե կառավարությունը հույս ունի, որ գործարաններին ֆինանսավորելով՝ ֆերմերների վիճակը կարող է լավանալ՝ չարաչար սխալվում է։ Սա ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության մոտեցումն է, քանի որ ավելի հեշտ է գործարաններին գումար հատկացնել և նրանցից պահանջել, որպեսզի կատարեն ինչ-որ պարտավորություններ, քան ֆերմերներին ու գյուղատնտեսությանն աջակցել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին։
Ըստ նրա՝ մոտավորապես մեկ տարի առաջ սկսվեց Ջրային տնտեսության «տրագեդիան», քանի որ կառավարությունը նշանակեց սխալ ղեկավարի և նույն կառավարությունն օրերս այդ ղեկավարին հեռացրեց պաշտոնից։
«Այսինքն՝ կառավարությունն այստեղ չի հետաքրքրվում՝ տվյալ անձը կարողանո՞ւմ է իր ստանձնած պարտավորությունները կատարել, թե՞ ոչ, այս հարցը օդում կախված է։ Այս կադրային սխալ քաղաքականությունը, որն այսօր վարում է մեր կառավարությունը, դրական որևէ փոփոխություն չի բերելու»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունն ինչ ծրագիր էլ մշակի, եթե այդ գործընթացում ակտիվ մասնակցություն չունի գյուղատնտեսության ոլորտից տեղյակ մարդը, ֆերմերը, նշանակում է՝ չկա այն ուղղությունը, որով պետք է զարգացնեն գյուղատնտեսության ոլորտը։
«Կառավարության ծրագիրը թերի է, այնտեղ, որ պատմում են այդ վարկային հեքիաթների մասին, ասեմ, որ դրանց դեմ եմ։ Եթե բանկերի միջոցով գյուղացուն ցածր տոկոսներով վարկեր պետք է տան, ես առաջարկում եմ, առանց բանկերի՝ այդ գումարները տան գյուղացուն, հազար անգամ ասել ենք, որ սուբսիդավորեն։ Այսպես չեն անում, որովհետև կառավարությունը բանկերի ղեկավարների հետ հեշտ է լեզու գտնում։ Շատ լավ տեղյակ եմ, թե Կառավարության այդ ծրագիրն ով է մշակել, այդ անձն իր հաստագլուխ վիճակով գալիս է Տիգրան Սարգսյանի կառավարությունից»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Նա նաև նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում տեղի չեն ունենում բարեփոխումներ, և այս պարագայում սպասել, որ գյուղատնտեսությունը կարող է զարգանալ՝ իրատեսական չէ։
«Գյուղատնտեսության ոլորտին լավ բան չի սպասվում, գյուղերը կրկին կդատարկվեն։ Եթե սա քաղաքականություն է, որը գիտակցված տանում են հայ գյուղացու դեմ, սա արդեն այլ հարց է։ Այսօր կառավարությունում մի մարդ չկա, որ գյուղատնտեսության բնագավառը սիրի, չնայած, որ բոլորը գյուղերից են։ Ա՛յ մարդ, գյուղատնտեսության նախարար են նշանակում, բայց այդ մարդիկ ոչինչ չեն անում, բացարձակապես ոչինչ։
ՀՀ նախկին վարչապետներից, անունը չեմ ուզում տալ, հայտարարում էր, որ ընտրությամբ բերել են գյուղատնտեսության նախարար։ Ուզում եմ ասել, հարգելի նախկին վարչապետ, այդ ո՞ր ընտրությամբ եք բերել, առաջին հերթին՝ նա ԱԺ նախագահի ազգականն էր, երկրորդը՝ այդ բերած նախարարը գարին ցորենից ու էշը կովից չէր տարբերում, ամոթ է, չէ՞»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան