Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետի ազգականները դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ
Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետի` Հովհաննես Գրքիկյանի ազգականները (հայցվորներ` Անահիտ Գրքիկյան ու Արմեն Մովսեսյան) դատական հայց են ներկայացրել ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի:
Ռեստորանային համալիրի սեփականատերերը 55 մլն 400 հազար դրամ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից այն հիմնավորմամբ, որ իրենց օբյեկտը 2013 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի ապրիլ չի աշխատել, այսպես ասած, քաղաքապետարանի մեղքով: Վերջինս ուշացրել է օբյեկտի շահագործման ակտի տրամադրումը: Քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ ավարտական ակտի տրամադրման ուշացումը պայմանավորված է եղել տարածքի բնակիչների բողոքով. նրանք դժգոհել են, որ շինությունը մասնակի փակում է իրենց ճանապարհը: Դատական բոլոր ատյաններում գործը քննելուց հետո օբյեկտի ավարտական ակտը 2013-ին տրամադրվել է:
Հիմա սեփականատերերը հավաստում են, որ այդ դատական պրոցեսների ընթացքում մոտ 4 տարի չեն աշխատել և իրենց հաշվարկով 55 մլն դրամի վնաս են կրել: Գումարի այս ահռելի չափը զարմացրել է Գյումրու քաղաքապետարանին, թե ինչպես համայնքի աղքատ միջոցներից նման գումար են պահանջում: Քաղաքապետի տեղակալը նաև նշում է, որ առանց ավարտման փաստաթղթի էլ, օբյեկտն աշխատել է: Գործի մանրամասներին անդրադառնալով` Վաղարշակ Մխիթարյանը նշում է. «Այստեղ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, զավեշտն այն է, որ Գյումրու ազգաբնակչության մեծ մասը, ինչպես նաեւ մարզի շրջանների մեծ մասը այդ համալիրում` կառուցման օրվանից սկսած, տարիներ շարունակ հարսանիքների, կնունքների, միջոցառումների է մասնակցել, իսկ այսօր հանկարծակի սեփականատերերը գտել են, որ այդ օբյեկտը դատական պրոցեսների ընթացքում չի շահագործվել, եւ իրենք օգուտներ են բաց թողել»:
Արմենուհի Մխոյան