Բաժիններ՝

Մեյն ուղևորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։

Մեյի այցը առաջինը կդառնա հունվարի 29-ից հետո, երբ բրիտանական խորհրդարանը Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարից պահանջեց վերսկսել բանավեճերը Եվրամիության հետ ապագա փոխհարաբերությունների շուրջ, պարզորոշ հասկանալ տալով, որ ինքը մտադիր չէ ընդունել գործարքը ներկա տեսքով: Բրյուսելից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պլանավորված են Մեյի հանդիպումները Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ:

Ինչպես ընդգծում է Մեյի ներկայացուցիչը, քննարկումների գլխավոր թեման կդառնա Իռլանդիա կղզում խիստ սահմանի հայտնվելը թույլ չտալու այսպես կոչված պաշտպանական մեխանիզմը («բեքստոպ»), ինչպես նաեւ Իռլանդիա կղզում խիստ սահմանի բացակայությունն ապահովելու այլընտրական եղանակները: Մինչդեռ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ:

«Ներկա պահին ամենակարեւոր խնդիրն է՝ թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Եվ ես կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ ԵՄ-ի 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում, որ ԵՄ-ի 27 երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն անում»,-ասել է Տուսկը: Նա նաեւ հիշեցրել է համաձայնագիրը չվերանայելու եւ կրկնական բանակցություններ չսկսելու Եվրամիության խորհրդի որոշման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս