Կորած ադրբեջանցի զինվորին մեռած են գտել

Ադրբեջանցի իբրեւ թե  վիրավորված եւ չեզոք տարածքում «կորած» զինծառայողին մեռած են գտել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Էլչին Օրուջեւի մարմինը սկզբում տեղափոխվել է զորամաս, որտեղ նա ծառայում էր, այնուհետեւ` Սեյդիմլի գյուղ, որտեղ նա ծնվել է:

Ըստ SalamNews-ի տեղեկատվության` Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղի 21-ամյա բնակիչ Էլչին Օրուջեւը վիրավորվել էր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը` Թովուզի ուղղությամբ:  «Ըստ ընտանիքի անդամների վկայության` ժամը 22.00-ին նա զանգել էր եղբորը եւ հորը եւ ասել, որ վիրավոր է եւ գտնվում է չեզոք գոտում: Դեռեւս հայտնի չէ, թե  ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը», – հայտնում է աղբյուրը:

Հայկական կողմը հայտնել է կատարվածին անմասն լինելու մասին: «Եթե նրա վիրավորվելը հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունք է, ապա անկախ նրանից, թե որտեղ է կատարվել դեպքը, մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն  է», – ընդգծել է Հայաստանի  պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հարց է հարուցում այն փաստը, որ ադրբեջանական զինծառայողը, ինչպես հաստատում է SalamNews-ը, վիրավորվել է չեզոք տարածքում: Իսկ ինչու է նա այնտեղ հայտնվել, այն էլ` գիշերը: Նախկինում բազմիցս եղել են ադրբեջանական զինծառայողների վիրավորվելու դեպքեր ականապատ դաշտերն անցնելիս եւ հայկական կողմում սադրիչ գործողություններ  կատարելիս: Չի բացառվում, որ այս անգամ եւս սադրանքի փորձ է եղել:

Տեսանյութեր

Լրահոս