Վրաստանի նախագահն ստեղծել է իր բարեգործական հիմնադրամը
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցել է իր բարեգործական հիմնադրամը, որին փոխանցելու է իր աշխատավարձը: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում երկրի նախագահի էջում զետեղված հաղորդագրության մեջ: Այն մասին, որ բարեգործական հիմնադրամ է ստեղծվելու, Զուրաբիշվիլին հայտարարել էր Վրաստանի նախագահի կարգավիճակում անցկացրած իր առաջին մամուլի ասուլիսում: Այդ ժամանակ էլ նա հայտարարեց, որ կրաժարվի իր աշխատավարձից:
«Արդեն ստեղծվել եւ պաշտոնապես գրանցվել է «Սալոմե Զուրաբիշվիլիի բարեգործական հիմնադրամը»: Այն փնտրելու է եւ ֆինանսավորելու է կրթական, գիտական եւ ինովացիոն նախագծեր: Ես հուսով եմ, որ հիմնադրամը կաշխատի ակտիվորեն եւ կնպաստի բազմաթիվ ձեռնարկումների, որոնք անհրաժեշտ են հասարակությանը»,-ասված է Զուրաբիշվիլիի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վրաստանի նախագահին առընթեր գոյություն ուներ պահուստային ֆոնդ, բայց այն լուծարեցին Զուրաբիշվիլիի պաշտոնակալությունից անմիջապես հետո: