ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում. Թրամփ
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Կիմը եւ ես վերստին կհանդիպենք փետրվարի 27-ին եւ 28-ին Վիետնամում»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
Թրամփը չի ճշտել՝ որ քաղաքում է անցկացվելու այդ գագաթնաժողովը: Նա ընդունել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման առաջադրված նպատակին հասնելու համար դեռ «շատ աշխատանք» կա անելու: «Սակայն ես լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ունի հետ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: