«Բանակցային գործընթացում այսօր մենք ունենք այնպիսի մոտեցում, որը շատ է տարբերվում նախորդ մոտեցումներից». Հովհաննես Իգիթյան

«Փուլ առ փուլ, հայտարարություն առ հայտարարություն փոխվում է իրավիճակը, և այսօր մենք ունենք այնպիսի մոտեցում, որը շատ է տարբերվում մեր նախորդ մոտեցումներից։ Չգիտեմ՝ ՀՀ վարչապետը հատո՞ւկ է այնպես անում, որ ամեն ինչ միանգամից չասի, բայց կարծում եմ՝ դա արվում է ըստ իրավիճակի՝ ունենալով ընդհանուր պատկերացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Ըստ նրա, ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ Արցախը պետք է ինքնուրույն մասնակցի բանակցություններին, կոնցեպտուալ մոտեցում է, քանի որ նախկինում Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին և դուրս մնացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա կամքով։

«Ռոբերտ Քոչարյանը չէր վստահում այն թիմին, որն իրենից հետո մնացել էր Արցախում, թե՛ նախագահին, թե՛ արտգործնախարարին։ Քոչարյանը մտածում էր, որ ավելի լավ կներկայացնի Արցախի կողմը, սա է պատճառը, որ 1998 թվականից եռակողմ ձևաչափը փոխվեց երկկողմ ձևաչափի։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք արել է Ադրբեջանը՝ տարածքներ ինչ-որ կարգավիճակի դիմաց, հայկական կողմն այսօր բավականին սկզբունքային ձևով դրել է այդ հարցը, որ չի կարելի սկզբից ունենալ մի բանաձև, որը պետք է տրամաբանորեն լինի բանակցություններից հետո։

Ճիշտ է, Ադրբեջանին այդքան էլ դուր չի գալիս այդ մոտեցումը, բայց կա նաև մեկ այլ մոտեցում, որն անընդհատ Ադրբեջանին «տեղն է» դնում, այն, ինչը որ հնչեց եռանախագահողների և արտագործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որ կողմերն իրենց ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության»,- ասաց Հ. Իգիթյանը։

Նրա կարծիքով՝ հայկական կողմը որևէ խնդիր չունի ժողովրդին խաղաղության պատրաստելու համար, քանի որ պայքարել է խաղաղության համար և նպատակ է ունեցել խաղաղության, գոնե զինադադարի։ Իսկ Ադրբեջանն իր հայտարարություններով սեփական ժողովրդին հրահրում է պատերազմի, որն այդ պարագայում որևէ կերպ պատրաստ չէ խաղաղության։

Նա կարևորեց նաև ՀՀ վարչապետի մեկ այլ հայտարարություն, որը կարող է փոփոխություն մտցնել բանակցային գործընթացի եթե ոչ՝ ռազմավարության, ապա՝ գոնե մարտավարության մեջ։

«Նախկինում Ադրբեջանն ուներ մի բանաձև, որն օգտագործում էր բոլոր մակարդակներում, այն էր, որ Արցախը հարձակվել է Ադրբեջանի վրա և «օկուպացրել» իր տարածքի 20 տոկոսը, որի հետևանքով այսօր կա 1 մլն փախստական։ Այստեղից էլ գալիս է նրանց բանաձևը, որը ներկայացնում էին՝ որպես թե՛ նախապայման, թե՛ արդեն բանակցությունների վերջ, այսինքն՝ Հայաստանը նրանց պետք է վերադարձնի «օկուպացված» տարածքները։ Վերջին 10-20 տարիների ընթացքում կոնցեպտուալ տեսանկյունից Հայաստանը որևէ կոնկրետ բան չէր ասում, սակայն ասում էր, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։

Նա նաև նկատեց, որ բոլոր խոշոր խաղացողներին ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում չկրակեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս