«Սա մտահոգություն է ոչ միայն մեզ համար». Հայ պատգամավորները «Եվրանեսթում» խոսել են Ադրբեջանում հայատյացության մասին
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», հայկական պատվիրակությունը խնդիր է դրել լինել պրոակտիվ, կառուցողական՝ գիտակցելով նաև ադրբեջանական պատվիրակության հետ հարաբերությունների լարվածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթում» ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ հայկական պատվիրակությունն ուժեղ է, մասնագիտացած և տրամադրված խնդիրներ լուծելու։
«Գոնե առաջին տպավորությունը մեր եվրոպացի գործընկերների մոտ չափազանց դրական էր, հաճելիորեն զարմացած էին, որ ներգրավված լինելով առաջին անգամ «Եվրանեսթի» աշխատանքներում՝ հայկական պատվիրակությունը կառուցողական և ակտիվ կլինի»,- ասաց նա։
Մ. Հայրապետյանի խոսքով՝ ինքը եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանման խնդրին. «Խոսք գնաց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեմայի մասին, երբ այդ հարցն ինձ ուղղվեց, ես նշեցի, որ ըստ էության հայ ժողովուրդը գիտի խաղաղության գինն ու արժեքը, և հարցը պետք է հասցեագրված լինի ոչ թե Հայաստանի պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին առհասարակ, այլ ադրբեջանցի գոծընկերներին:
Մեր եվրոպացի գործընկերներին ես հարց ուղղեցին՝ ինչպե՞ս են պատկերացնում խաղաղության նախապատրաստելու գործընթաց, եթե դրան զուգահեռ՝ Ադրբեջանում հանրակրթական մակարդակով երեխաներին դաստիարակում են՝ որպես հայատյաց: Գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին, որովհետև նախկինում, ի պատիվ հայկական պատվիրակության, խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է: Մենք գտնում ենք, որ խնդիրը լուծված չէ։ Ինձ համար շատ կարևոր էր նախ հասկանալ, թե ինչ մոտեցում ունեն եվրոպացի դիվանագետներն ու խոորհրդարանականներն այս հարցի շուրջ: Եվ կարող եմ ասել, որ սա մտահոգություն է ոչ միայն մեզ համար»։
Նա հույս հայտնեց, որ հարևան երկրում այս խնդիրը տեղ կհասնի և չի ընդունվի էմոցիոնալ։