«Հանդիպումների առաջին իսկ օրվանից հստակ ամրագրվել է, որ Արցախի կարգավիճակն  ու անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար». ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Հայկական կողմի  սկզբունքային դիրքորոշումը ներկայացվել է թե՛ համանախագահներին, թե՛ ադրբեջանական կողմին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման  գործընթացին և Հայաստանի մոտեցումներին:

Աննա Նաղդալյանն ասաց, որ Հայաստանն ունի իր մասը բանակցային գործընթացում, Հայաստանը Արցախի անվտանգության  երաշխավորն է, ՀՀ-ն իր մասով է մասնակցում գործընթացին: Ավելին, ըստ խոսնակի,   Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները` բացարձակապես խաղաղ, բացարձակապես  ՄԽ համանախագահների հովանու ներքո և Արցախի  կարգավիճակն ու անվտանգության ապահովումը գերակա առաջնահերթություններ են  ՀՀ-ի համար:  Սակայն, նրա խոսքով, բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի  խաղաղությանը նպաստող մթնոլորտի  ապահովումը այդ թվում վստահության և  անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև հակամարտության սրման  ռիսկերի ներառումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը:

«Հանդիպումների առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է սկզբունքը, որ Արցախի կարգավիճակն  ու անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար, Արցախը որոշիչ  ձայն և ներգրավածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացին:  Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է թե համանախագահներին, թե ադրբեջանական կողմին: Մենք Ձեր նման տեսել ենք Ադրբեջանի արձագանքը, արվող դիտարկումներն, այս առնչությամբ պետք է ասեմ, որ մեր սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս  դրանց մասին բազմիցս լսել եք: Այստեղ որևէ երկակի կարծիք չի կարող լինել»,-ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգից` Նաղդալյանն ասաց, որ Իրան այցը տեղի է ունենալու  փետրվար ամսվա վերջին: « Դեռևս օրակարգի մանրամասներ չեմ կարող բացահայտել: Բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին: Այցին ավելի մոտ օրակարգի մանրամասները կհայտնեն համապատասխան գերատեսչությունները»,-ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս