Թուրքիայի փոխվարչապետը խոսել է Էրդողանի Ռուսաստան այցի մասին
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վաղվա ռուսական այցը և սիրիական վերջին զարգացումները.
«Էրդողանի ռուսական այցը նոր հիմք կստեղծի սիրիական հարցի համար: Կարևոր է Ասադի ռեժիմի զինված ուժերի իրագործած վերջին կոտորածների քննարկումը: Ողջ աշխարհը, այդ թվում՝ նաև Թուրքիան, դատապարտել է դա: Էրդողանի Ռուսաստան այցով ի հայտ են գալիս նոր հեռանկարներ տվյալ հարցում: Ես վստահաբար խոսում եմ նոր պատժամիջոցների ներդրման մասին:
Ինչ վերաբերում է Միջերկրական ծովում կործանված մեր ինքնաթիռին, ապա երկու օրից կվերսկսվեն որոնողական աշխատանքները: Միայն այն բանից հետո, երբ ծովի հատակից դուրս կբերվեն ինքնաթիռի բոլոր բեկորները, նոր կարելի կլինի խոսել տեղի ունեցածի մանրամասների մասին»: