ՄԱԿ-ն արհեստական ինտելեկտի ոլորտում հայտնագործությունների կտրուկ աճ է արձանագրել
Արհեստական ինտելեկտի (ԱԻ) հետ կապված ուսումնասիրություններն արագ զարգացում են ապրում, ինչի մասին վկայում է գյուտերի համար պատենտային հայտերի աճը եւ այդ ոլորտում կատարվող հայտնագործությունները: Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության (ԻՍՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն, «այդ աճը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում ԱԻ-ը տեսական հայեցակարգից վերածվել է համաշխարհային շուկան նվաճած իրական արտադրանքի»։
«Տեխնոլոգիաների զարգացման միտումները» վերտառությամբ զեկույցի հեղինակները վերլուծել են այս «արտադրանքի» հետ կապված 340 հազարից ավելի պատենտային հայտեր եւ 1,6 մլն գիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են 20-րդ դարի 50-ական թվականներից ի վեր: Պարզվել է, որ հայտնագործությունների կեսից ավելիի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են 2013 թվականից հետո, ինչը խոսում է «պատենտավորման սրընթաց աճի» մասին:
ԱԻ-ի ոլորտում պատենտների հայտերի համաշխարհային վարկանիշի թոփ-30-ում մեծամասնությունը կազմում են ընկերությունները (26): Բացի նրանցից, առաջին երեք տասնյակի մեջ մտնում են համալսարանները եւ պետական գիտահետազոտական կազմակերպությունները: Ընդ որում պատենտային փաստաթղթերի մեկ երրորդում խոսվում է «մեքենայական ուսուցման» եւ, առաջին հերթին՝ «նեյրոնային ցանցերի մասին»:
Այդ տեխնոլոգիաների համար պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 9567-ից 2016 թվականին ավելացել է մինչեւ 20195, այսինքն՝ 111 տոկոսով: Առավել ակտիվորեն զարգանում է «խորը ուսուցումը՝ որպես մեքենայական ուսուցման մեթոդ». դրան վերաբերում են խոսքի ճանաչման համակարգերը:
ԱԻ-ի տեխնոլոգիաների համար պատենտների 49 տոկոսում հիշատակվում է համակարգչային տեսողությունը, որը ներառում է պատկերների ճանաչման տեխնոլոգիան եւ շատ կարեւոր նշանակություն ունի անվարորդ ավտոմեքենաների համար: 265 տոկոսով ավելացել է ռոբոտատեխնիկայի բնագավառում ԱԻ-ի օգտագործման հայտերի թիվը: Փոխադրումների սեկտորում, ներառյալ ինքնավար փոխադրամիջոցները, պատենտային հայտերի թիվը 2013 թվականի 3738-ից 2016 թվականին աճել Է մինչեւ 8764: Էական աճ է դիտվում նաեւ հեռահաղորդակցություններում, բժշկության եւ հաշվողական տեխնիկայի բնագավառում:
Աշխարհում ԱՀ-ի ոլորտում հայտնագործությունների պատենտներ ունեցող 20 խոշորագույն ընկերություններից 12-ը ճապոնական են: Սակայն աշխարհի առաջատարները ԱՄՆ-ի երկու ընկերություններ են՝ IBM-ը (8920 հայտնագործություն՝ 2016 թվականի դրությամբ) եւ Microsoft-ը (5223): Առաջին քսանյակի մեջ մտել են Կորեայի Հանրապետության երկու ֆիրմաներ (Samsung-ը եւ LG Corporations-ը) եւ երկու ընկերություն Գերմանիայից (Siemens-ը եւ Bosch-ը):
ԱԻ-ի բնագավառում առավել ակտիվորեն պատենտներ ստացող 20 համալսարաններից եւ պետական գիտահետազոտական կազմակերպություններից բաղկացած ցուցակում առաջնությունը պատկանում է Չինաստանին (20-ից 17-ը):
Ցուցակի մնացած երեք հորիզոնականներն զբաղեցնում են Կորեայի Հանրապետության բուհերը եւ կազմակերպությունները: Բացի այս երկու երկրներից, աշխարհում չկա ոչ մի համալսարան կամ հետազոտական պետական կազմակերպություն, որը 500-ից ավելի հայտնագործության պատենտ ունենա ԱԻ-ի ոլորտում:
Այս բնագավառում պատենտների աճող թիվը նշանակում է, որ մարդկությունը «կարող է ակնկալել մեծ քանակությամբ նոր արտադրանքների, ԱԻ-ի տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնոլոգիական միջոցների հավելվածների հայտնվելը, որոնք կփոխեն մեր կենցաղը», հայտարարել է ԻՍՀԿ-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարրին՝ մեկնաբանելով զեկուցի հրապարակումը:
ԻՍՀԿ-ն զբաղվում է քաղաքականության, համագործակցության ամրապնդման, ինտելեկտուալ սեփականության բնագավառում ծառայությունների եւ տեղեկատվության տրամադրման հարցերով: Այն ՄԱԿ-ի համակարգի ինքնաֆինանսավորվող հաստատություն է: ԻՍՀԿ-ի մեջ մտնում է 191 պետություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



