Բաժիններ՝

ԵՊՀ-ում որոշ պահանջված մասնագիտություններ չեն համալրվել ուսանողներով

2010 թվականի համեմատ, այս տարի Երևանի պետական համալսարանի ուսանողներն ավելացել են շուրջ 500-ով, այսինքն` եթե նախանցած տարի ԵՊՀ ընդունված ուսանողների թիվը եղել է 3008, ապա այս տարի մայր բուհ է ընդունվել 3507 ուսանող (381 անվճար և 3126 վճարովի)։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ամփոփեց այս տարվա ընդունելության արդյունքները` խուսափելով համեմատությունն անել նախորդ տարվա հետ, քանի որ անցյալ տարի տասներկուամյա դպրոցական համակարգի ներդրման պատճառով առաջին կուրսեցիների ամենափոքրաթիվ ընդունելությունն է եղել` շուրջ 800 ուսանող:

Սա ունեցել է իր հետևանքները. նախորդի տարի վճարովի ուսուցման համակարգում ԵՊՀ առաջին կուրսի ուսանողները քիչ են եղել, և համալսարանը, ինչպես նաև մյուս բուհերի ակնկալվող սպասելիքները շատ ավելի պակաս են ստացել:

Այս տարվա ցուցանիշն Արամ Սիմոնյանը համարում է բավարար: Ողջ ԵՊՀ-ում, տարբեր մասնագիտությունների գծով այս տարի թափուր տեղերը 81 են: «Ի զարմանս ինձ, ֆիզմաթ թևը լրացել է, սակայն նույնը չեմ կարող ասել քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով: Կենսաֆիզիկան աշխարհում մեծ առաջընթաց ապրող ուղղություն է, և այս տվյալներն առաջին հերթին վկայում են այն մասին, որ դպրոցում «Ֆիզիկայի» նկատմամբ ուշադրությունը թուլացել է և որ դիմորդը լավ չի տիրապետում «ֆիզիկա» առարկային»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Նրա խոսքով՝ սա առաջին հերթին պետք է մտահոգի հանրակրթական դպրոցի և ավագ դպրոցի ուսուցիչներին:

Պակաս քիչ տեղերով թափուր են մնացել «Երկրաբանություն», այս տարի առաջին անգամ որպես մասնագիտություն մտցված «Եկեղեցագիտություն» , «Ռուսաց լեզու և գրականություն» առարկաներից:

Փոխարենը, Արամ Սիմոնյանն առավել հաջողված է համարում «գերմաներեն» «ֆրանսերեն» , «իսպաներեն» լեզու և գրականություն առարկաներում ընդունելության արդյունքները:

Նա նաև հաջողված է համարում կովկասագիտության մրցույթը, ինչի արդյունքում այսօր կա 50 ուսանող: Այս մասնագիտության դիպլոմ ստացած ուսանողների ուսուցման առարկաների թվում են՝ «Ադրբեջաներեն», «Վրացերեն», «Հին վրացերեն», ինչպես նաև որևէ մեկ հյուսիսկովկասյան լեզվի ուսուցում, Կովկասի ժողովուրդներին, մշակույթին ու կենցաղին նվիրված այլ մասնագիտական առարկաներ:

Միշտ մոդայիկ այնպիսի մասնագիտությունների թվում, ինչպիսիք են՝ քաղաքագիտություն, ռոմանագիտություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, արևելագիտություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, թափուր տեղեր չեն կարող լինել և այս տարի էլ անվճարի շեմը աննախադեպ բարձր է եղել՝ տարբեր առարկաների գծով 60-58 միավորների սահմաններում:
«Այս տարի բարձր մրցույթ եղավ լրագրություն բաժնում: Հիսունինը միավորով են ընդունվել պետպատվերի համակարգ, իսկ վճարովին սկսվում է 57–ով»,-ասաց ռեկտորը:
Բարձր են եղել նաև արևելագիտություն ֆակուլտետի, հատկապես՝ արաբագիտություն և թուրքագիտություն բաժինների մրցույթների շեմերը։

Ինչպես միշտ, այս տարի ևս նպատակային տեղեր են հատկացվել սփյուռքահայերի, Արցախի և Ջավախքի դիմորդների համար:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ–ում ամենաթանկ մասնագիտությունն իրավագիտությունն է՝ 700.000 դրամ տարեկան վարձավճարով: Իսկ ամենաէժանը մեխանիկա, ռուսաց լեզու և գրականություն, ռադիոֆիզիկա, ջրաօդերևութաբանություն մասնագիտություններն են՝ տարեկան  մոտ 280.000 դրամ:

Արամ Սիմոնյանը սա սխալ է համարում և ասում է, որ առ այսօր չկա մասնագիտության գինը որոշելու միասնական համակարգ: Օրինակ, բուհի ռեկտորի խոսքով՝ եթե կենսաբանության, քիմիայի ֆակուլտետներում ուսուցումը ծախսատար է, քանի որ պահանջվում են լաբորատորիաներ, փորձանմուշ կենդանիներ, որոշակի ջերմային պայմաններ, հոսանք, նյութեր և այլ, իրավաբանական ֆակուլտետում պահանջվում է ընդամենը գիրք, համակարգիչ, թուղթ և գրիչ: Բայց շուկայի պահանջներով՝ ավելի թանկ է վերջինիս վճարը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ ընդունված դիմորդներից 238-ն առաջիկայում կզորակոչվի բանակ, սակայն նրանց տվյալների բազան պահպանվում է և նրանք համարվում են ուսանող:

«Ինչպե՞ս է լինելու նրանց խնդիրը: Այն բուհերում, որտեղ կլինեն զորակոչվելիք ուսանողներ, նրանք կկցագրվեն և, եթե ցանկանան վարձը մուծել և հրամանագրվել, նրանց հետ կկնքվի պայմանագիր, որով նրանց ուսման վարձը հետագայում բանակից զորացրվելուց հետո կլինի այն չափով, ինչ որ հիմա է: Եթե չեն ցանկանա, ապա պայմանագիրը հետո կկնքվի, բայց արդեն հաջորդ տարիների վարձավճարների չափով: Իհարկե, դա չի նշանակում, որ վարձի բարձրացում է սպասվում»,– եզրափակեց Արամ Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս