ՀՀ ՊՆ-ն ու «Կալաշնիկով» կոնցեռնը հստակեցրել են նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության մանրամասները
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով Հայոց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը: Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի և 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության» ծրագրի համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները: