«Ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման անհրաժեշտությունը վաղուց հասունացել է՝ կապված Արցախի անվտանգության սպառնալիքների հետ». Արմեն Ռուստամյան
Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությանը։ Հայտարարության մեջ ՀՅԴ-ն կարևորել և հրատապ էր համարել դաշինքի ստորագրումը։
Այս հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, որ, երբ ՀՅԴ-ն իշխանություն էր, այդ հարցը չէր բարձրաձայնում։ Նաև նշվում էր, որ այդ դաշինքի ստորագրումը կարող է բազմաթիվ վտանգներ առաջացնել։
168.am-ը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվի են առել այն վտանգներ, որոնք կարող են ի հայտ գալ ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումից հետո, և արդյո՞ք տեղին են այն խոսակցությունները, որ իրենց իշխանության ժամանակ այդ հարցը հետևողականորեն առաջ չէին քաշում։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք քաղաքական կյանքում մի քիչ երկար կյանք ունեն, կարող են փաստել, որ այդ հարցը Դաշնակցությունը վաղուց է բարձրացրել, հարցի մասին խոսել են 10 տարուց ավելի։
«Այդ դաշինքի ստորագրման անհրաժեշտությունը միշտ կարևորել ենք, սա, ըստ էության, այն է, ինչը մենք միշտ դիտել ենք, որ մի կողմից՝ չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից, որ շատ կարևոր է՝ կարձանագրի Հայաստանի և Արցախի անմիջական կապը։ Այն ամենը, ինչ մենք դե ֆակտո ունենք, այս դաշինքը կլուծի այն դե յուրե քաղաքական դաշտ բերելով։ Իսկապես այս մասին մենք վաղուց ենք խոսել և այս խնդիրների հետապնդման հետ կապված՝ կոնկրետ քայլեր ենք իրականացրել»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ, երբ նախագահական ընտրություններին մասնակցում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, Դաշնակցությունն այդ մասին խոսել էր, հարցը բարձրացրել էր նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, և այդ գաղափարն ընդունել էր նախկին իշխանությունը, քանի որ Արտգործնախարարությանը հանձնարարական էր տվել, որպեսզի համապատասխան փաստաթուղթ պատրաստի։
«Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի այդ ռազմաքաղաքական
դաշինքը։ Այսօր էլ համարում ենք, որ այն անհրաժեշտ է, և այդ անհրաժեշտությունը վաղուց հասունացել է։ Այսօր ունենք լուրջ սպառնալիքներ՝ կապված Արցախի անվտանգության հետ, նոր պատերազմ հրահրելու Ադրբեջանի մտահոգությունների վերաբերյալ։ Մենք շատ հստակ պետք է արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա, նշանակում է՝ հարձակում Հայաստանի վրա։ Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ նախորդ բոլոր համագործակցության պայմանագրերում այս մասին խոսել ենք։ Այսինքն՝ բացարձակապես անհիմն են և բացատրություն չեն կարող տեսնել այն հայտարարությունների մեջ, թե Դաշնակցությունը նոր է հիշում այս ամենի մասին, ոմանց երևի պետք է այդպես ներկայացնեն։ Սա մեր հետևողական մոտեցումն է եղել»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ պետք է հստակ ճանապարհային քարտեզ գծագրվի և նախապատրաստվի ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը, որը պետք է դառնա համաժողովրդական պահանջ՝ արցախահայության, Հայաստանի և սփյուռքի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան