Բաժիններ՝

Ահազանգ. ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներին ենթարկում են խոշտանգման, հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են

«Ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝ նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը և կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը:

«Տարիներ առաջ բարձրաձայնվեց ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերի ջարդուխուրդ լինելու փաստը: Ադրբեջանն այս ամենն արեց իր զինված ուժերի միջոցով, հետագայում գերեզմանոցում սարքեցին կրակադաշտ: Այս դեպքն իր արձագանքը գտավ նաև Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Արդյունքում՝ տեղի հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի և ավարտվում մահով: Սպանվում է ադրբեջանցիներից մեկը, ով, իմ տվյալներով, այդ վեճի կազմակերպիչն էր և բարեկամական կապեր ուներ Ալիևի հետ: Դեպքի հետ կապված՝ կալանավորվել են մեր հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանը և Խաչատուր Հովհաննիսյանը: Նրանք, 4 տարի է, ինչ բանտում են, ենթարկվում են կտտանքների: Պետք է այս տանջանքներին վերջ տրվի: Այս տղաները պետք է պաշտպանված լինեն»,- ասաց Խաչատուր Մարգարյանը:

«Ադրբեջանցիների կողմից մեր պատմամշակութային կոթողները, գերեզմանոցները, խաչքարերն են վերացվել, ինչը որակվում է՝ որպես սպիտակ եղեռն: Տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, վիճաբանել: Նրանցից մեկը՝ Սերգեյը, արմատներով Ջուղայից է: Վիճաբանության արդյունքում եղել է զոհ: Հայերի հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ: Ադրբեջանցիները եղել են 5-6 հոգի: Հիմա բանտում մեր տղաները, 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման, «էլեկտրաշոկ» են կիրառում, հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկում: Ցանկանում ենք, որ մեր իշխանությունը հետամուտ լինի, նրանց տրամադրի փաստաբան»,- նշեց հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը:

Բանախոսները հայտնեցին, որ վաղը 15:00-ին հավաքվելու են Ուկրաինայի դեսպանատան առջև՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, ինչպես նաև՝ նամակ հանձնելու համար:

Նրանց փոխանցմամբ՝ 4 տարի է, դատական գործընթացը շարունակվում է, դեռ վճիռ կայացված չէ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս