IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ, ՄԱԿ համակարգի ներկայացուցիչներ, հանրօգուտ ներդրողներ, սոցիալական ձեռներեցներ, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը և ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ Ինգա Ռոնդա Քինգը։
Մհեր Մարգարյանը կարևորել է կայուն զարգացմանը միտված համագործակցության ծավալումը։ «Մենք հանձնառու ենք շարունակել աշխատել միասին՝ բոլոր գործընկերների հետ, ովքեր հավատարիմ են հանրօգուտ ազդեցության գաղափարներին, և այս համատեքստում, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել IDeA հիմնադրամին՝ ՄԱԿ նպատակներին հավատարմության և Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանն աջակցող նախագծերի համար»,- ասել է դեսպան Մարգարյանը։
Քննարկման առանցքում IDeA հիմնադրամի գործունեությունն էր և այն դերակատարությունը, որը հիմնադրամը, միավորելով ջանքերը գործընկերների հետ, կարող է ծավալել՝ ակտիվացնելու բիզնես լուծումներն ու նորարարությունները, որոնք կնպաստեն Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև այս գործընթացում հայկական սփյուռքի մասնակցության կարևորությանը։
«Սովորելով գործել միասին, հարթակների շուրջ համախմբել տարբեր գործընկերների, ինչպես IDeA-ն է, տարածել լուծումներ և ներգրավել խառը ֆինանսավորումը․ սրանք են 21-րդ դարում զարգացման ոլորտում հաջողության հասնելու նախապայմանները»,-
քննարկմանն ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԶԾ ավագ խորհրդատու Պաոլո Գալլին։
IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր ելույթում խոսել է IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերի մասին՝ կարևորելով հայկական սփյուռքի մասնակցությանը ԿԶՆ-ների իրագործմանը։
«IDeA-ն որդեգրել է ամբողջական մոտեցում Հայաստանի բարեկեցությանն ու հայ ազգի ինքնության ամրապնդմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Հիմնադրամի ղեկին կանգնած են հայկական սփյուռքի մի խումբ նվիրյալներ, ովքեր Հայաստան են բերում իրենց տաղանդն ու հարուստ փորձը»,- ասել է Նուբար Աֆեյանը։
IDeA-ն, Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ ունենալով, մշակել է զարգացման 10-ը մոդել, որից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ։
«IDeA-ի ծրագրերը երկարաժամկետ ազդեցություն են ունենում մարդկանց վրա․ մեր նախագծերի արդյունքում փոխվում է մարդկանց կյանքը»,- ասել է բարերար, սոցիալական ձեռներեց, IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի զարգացման համար IDeA-ն պատրաստ է աշխատել և լրացնել ջանքերը կառավարության, ՄԱԿ-ի և զարգացման գործընկերների հետ։ IDeA-ն արդեն իսկ 585 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել զարգացման մոդելներում՝ իրականացնելով երկարաժամկետ կայուն ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Հայաստանի առաջընթացի վրա։ Միջոցառմանը որպես IDeA-ի հաջողված ծրագիր ներկայացվել է «Տաթևի Վերածնունդը» և վերջին տարիներին ծրագրի արձանագրած հաջողությունները։
IDeA հիմնադրամի մասին
IDeA-ն (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը ստեղծվել է սոցիալական ձեռներեցներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ IDeA-ն կենտրոնանում է այնպիսի ծրագրերի վրա, որոնք թույլ են տալիս հասնել շոշափելի սոցիալ-տնտեսական ազդեցության և նպաստում են Հայաստանի անցմանը գոյատևման մոդելից բարգավաճման։