Բաժիններ՝

Արջն անտառում փրկել է 3-ամյա երեխայի կյանքը

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում գտել են սառնամանիքին անտառում կորած մանկահասակ երեխային։ The Guardian-ի փոխանցմամբ՝ փոքրիկը վստահեցնում է, որ իրեն օգնել է սեւ արջը։

3-ամյա տղան անհետացել էր հունվարի 22-ի երեկոյան։ Նա խաղալիս է եղել իր տատիկի տան բակում՝ այլ երեխաների հետ ու չի վերադարձել։ Գիշերը ջերմաստիճանը նվազել է մինչեւ -6, իսկ փոքրիկը չի եղել ցուրտ եղանակին համապատասխան հագնված։

Նրա որոնողական աշխատանքներին ներգրավվել են ուղղաթիռներ, կինոլոգներ, ջրասույզներ։ Բացի այդ՝ փրկարարներին միացել են հարյուրավոր կամավորներ։ Հինգշաբթի սառը քամին եւ անձրեւն այնքան էր ուժգնացել, որ կամավորներին խնդրել են դադարեցնել որոնումները։

Հունվարի 24-ին ոստիկաններն անտառում լսել են երեխայի լացի ձայն։ Տղային հայտնաբերել են փոքրիկի կղզու վրա, փշոտ թփուտի մեջ, թրջված եւ սառած, սակայն չի ունեցել լուրջ վնասվածքներ։ Փոքրիկը ոստիկաններին պատմել է, որ նա «անտառում ունի ընկեր, ով այս ընթացքում հոգ է տարել իր մասին, իսկ ընկերը՝ արջն է»։ Նա իրավապահներից խնդրել է ջուր եւ իր մայրիկին։ Նույնը նա պատմել է նաեւ թերթին։

«Աստված նրան ընկեր է ուղակել, որպեսզի հոգա նրա մասին։ Հրաշքներ լինում են»,- գրել է պարբերականը։

Շերիֆը հայտնել է, որ երեխային հասնելու համար հատել են սառած ջուրը, որը խորն էր։ Երեխան ունի 66 սմ բարձրություն, եւ դեռ չեն պարզել, թե ինչպես է նա հայտնվել այդ կղզյակի վրա։

Սև արջերը Հյուսիսային Կարոլինայում ամենատարածված տեսակն է։ Մեծ արջն ունի մինչեւ 2 մետր բարձրություն, միջինը կշռում է 360 կգ։ Այս տեսակի արջերը շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա եւ փորձում են խուսափել մարդկանցից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս