Հային դատապարտեցին, իսկ սկինհեդներին՝ ոչ
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի դատարանը հրապարակել է Միասս քաղաքի «Տորնադո» ռոք-փառատոնի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով վճիռը, որը հայտնի է նաև «խորովածանոցի գործ» անվանումով, քանի որ, ըստ էության, սկսվել էր տեղի հայկական խորովածանոցում, որի տերը՝ Ռոբերտ Նազարյանը, ևս մեղադրյալների թվում էր:
Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին 13 մարդ էր հայտնվել, սակայն ծեծուջարդի գլխավոր կազմակերպիչ էր ճանաչվել Նազարյանը, որի համար դատախազը 12 տարի ազատազրկում էր պահանջել:
Դատարանը Նազարյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Ընդ որում՝ մյուս մեղադրյալները դատապարտվել են 4,5-5 տարվա ազատազրկման: Նրանցից 25 000 – 50 000-ական ռուբլու չափով գումար է բռնագանձվել՝ հօգուտ տուժողների:
Փաստաբանների մեծ մասը մտադիր է բողոքարկել վճիռը:
2 տարի առաջ՝ 2010-ի օգոստոսի 28-ին Ռոբերտ Նազարյանի խորովածանոցում տեղի փառատոնի հարբած հյուրերի պահվածքը, ըստ պաշտոնական վարկածի, Նազարյանը վիրավորական էր գնահատել, մարդիկ էր հավաքել և հաջորդ օրը ծեծի ենթարկել փառատոնի մասնակիցներին ու հյուրերին: Ընդհանուր առմամբ՝ տուժել էր 39 մարդ:
Նազարյանին ծանոթներից Դմիտրի Գոլովչենկոն պատմել է, որ Նազարյանը վարձով է ապրում և մամուլում շրջանառվող ձևակերպումները, թե «հարուստ գործարարը անկարգություն է կազմակերպել», անհեթեթ է: Առավել անհիմն են, ըստ Գոլովչենկոյի, Նազարյանի և տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կապի մասին լուրերը:
Նազարյանի փաստաբանները ևս պնդում էին նրա անմեղությունը, քանի որ դեպքի նախօրեին նրան ծեծի էին ենթարկել տեղի սքինհեդները: