Ֆինանսների նախարարությունը հերքել է աշխատավարձերի գումարներ չփոխանցելու լուրերը
Մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե մի շարք բյուջետային հիմնարկների՝ մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գտնվող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել բյուջեում գումարներ չլինելու պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարությունում նշեցին, որ ընթացիկ բյուջետային տարվա, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված բոլոր հայտերը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բավարարվել են ամբողջությամբ և ժամանակին:
Ըստ գործող կարգի՝ պետական կառավարման մարմինները պետական պատվերի շրջանակներում առողջապահության բնագավառում գործող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, բյուջեների կատարման ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան, վճարային փաստաթղթեր են ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարությանը, որն էլ ապահովում է ֆինանսական միջոցների ելքագրումը ըստ բյուջետային միջոցները ստացողների:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ 11.07.2012թ դրությամբ առողջապահական համակարգի գծով այս տարվա առաջին կիսամյակի համամասնությամբ նախատեսված միջոցների ֆինանսավորումն ամբողջությամբ ավարտված է:
Նշենք, որ այսօրվա իր համարում «Ժողովուրդ» օրաթերթը հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին՝ գրել էր, որ արդեն երկու ամիս է` բյուջետային մի շարք հիմնարկություններում չեն վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձը: Իսկ պատճառաբանությունը եղել է հետևյալը. «Բյուջեում փող չկա, առաջիկայում կլինի, կփոխանցենք»: