Նախկինում գաղտնի չէր, այժմ գաղտնի է. Երևանի քաղաքապետարանում թափանցիկությունը նվազե՞լ է. Fip.am

Fip.am-ը գրում է. Քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար, սակայն հարցը ավելի գլոբալ է։

Օրերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ ստացան, սակայն այդ աշխատակիցների ցանկը գաղտնի է պահվում… Թեև Տարոն Մարգարյանի օրոք այն հրապարակվում էր:

Տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսել է քաղաքապետարանի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ ՝ մեկամսյա աշխատավարձի չափով։ Դրանից հետո ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել էր քաղաքապետին՝ տրամադրելու պարգևատրում ստացած աշխատողների անունները։ Նա նաև նշել էր, որ պատրաստ է վիճարկել քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը դատարանում։ Ըստ Խաժակյանի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը պահանջում է պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելված, որտեղ պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

Կարդացեք նաև
Ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն ու դրա հետևանքով առաջացած խուճապը
Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը
Մարզպետների պարգևատրումները կատարվել են օրենքի խախտումներով
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, սակայն, հակադարձել է՝ նշելով, որ «բացի քաղաքապետարանի աշխատող լինելը, մարդը նաև անհատ է, իր անձնական կյանքն ունի։ Անձնական կյանքի գաղտնիության և չհրապարակման իրավունք ունի իրեն վերապահված մնացած օրենսդրությամբ։ Մինչև մենք այդ օրենսդրության հետ չլինենք նույն համաձայնության և ալիքի վրա, մենք իրավունք չունենք այդ մարդու անձնական տվյալը տարածենք և հրապարակենք»: Նա նաև հավելել է, որ դիմել են Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք անհատական տվյալներով պարգևատրման գումարները անվանական հրապարակելը չի հանգեցնի անհատականության և գաղտնիության իրավունքի խախտմանը։

Թե որքանո՞վ է իրավաչափ Դավիթ Խաժակյանի դիտարկումը, թե քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում, փորձեցինք ստուգել օրենսդրության քննարկմամբ։

Ըստ այդմ, հարկ է նշել 2013 թվականին ««Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի» դատական հայցը, որով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պահանջում էր պարտավորեցնել ԱԺ-ին տրամադրել տեղեկատվություն ԱԺ նախագահի մի քանի կարգադրությունների վերաբերյալ, որոնք հարցումով ԱԺ աշխատակազմից չէին տրամադրել։

Պատասխանող կողմը նշել էր, որ տեղեկատվությունը չտրամադրելը պայմանավորված է եղել նրանով, որ այն պարունակել է աշխատողների անձնական տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և Աշխատանքային օրենսգրքին։

Այդ գործով դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն՝ նշելով, որ այն կարգադրությունները, որոնք պարունակում էին աշխատողների դրույքաչափերի, խրախուսանքի միջոցներ կիրառելու, վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև աշխատավարձին հավելավճար սահմանելու մասին տեղեկություններ, ենթակա չեն տրամադրման։

Իսկ այժմ հասկանանք, թե ինչ աղերսներ ունի նշված նախադեպը քաղաքապետարանի աշխատողների ստացած պարգևավճարները հրապարակայնացնելու հետ։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը»։ Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «…աշխատավարձի մեջ են ներառվում աշխատանքի վարձատրության բոլոր տեuակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից»։

Օրենքի այս դրույթներից հասկանում ենք, որ պարգևատրումը աշխատավարձի կազմում ընդգրկվող լրացուցիչ վարձատրություն է, այսինքն՝ աշխատավարձին հավասարեցված վճարում, ըստ այդմ՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի, համարվում է անձնական տվյալ։

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, «տեղեկատվություն տնoրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։ Իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածն ասում է․ «աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության…»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս