Ռուսաստանը Սիրիայի հարցով նոր բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներին նոր բանաձև է ներկայացրել Սիրիայի հարցով, որը կոչ է անում ևս 3 ամսով երկարացնել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկրների հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղարար ծրագիրն` առանց Բաշար ալ Ասադի դեմ պատժամիջոցներ կիրառելու, հայտնում է Reuters-ը:
Այժմ խորհուրդը պետք է որոշի Անանի ծրագրի ապագան` մինչ հուլիսի 20-ը` այն գործի դնելու 90-րդ օրը լրանալուց հետո: Այդ առիթով բանագնացն այսօր ելույթ կունենա ԱԽ-ի առջև` 3 ամիս տևած գործունեության վերաբերյալ:
Ըստ ամենայնի, Ռուսաստանի ներկայացրած բանաձևը հավանության չի արժանանա ԱՄՆ-ի և խորհրդի եվրոպական անդամների կողմից, ովքեր ցանկանում են պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների` անցյալ տարվա մարտից սկսած քաղաքական ժգնաժամի հետևանքով Սիրայում 10 հազարից ավելի մարդ է զոհվել: