ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ. Սպառողները դժգոհ են խանութի մոլորեցնող գործունեությունից
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց) ընկերության հանդեպ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:
Ըստ դիմումատուի, բջջային հեռախոսների խանութ-սրահի կողմից հեռարձակվում է գովազդ, որտեղ նշվում է, որ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ գնելու դեպքում ևս մեկ հեռախոս տրվում է նվեր: Գովազդի վերջում հատուկ ընդգծվում է.
«Շնորհավորում եմ, զույգ հեռախոսներ ունեցանք» արտահայտությունը, և քանի որ որպես նվեր տրվող երկրորդ հեռախոսի մոդելը գովազդում նշված չէ, ապա սպառողները զույգ հեռախոսներ արտահայտությունը վերագրում են միանման հեռախոսներին, որոնցից մեկը տրվում է բացարձակապես անվճար՝ որպես նվեր:
Սակայն, դիմելով խանութ-սրահ, քաղաքացիները տեղեկացել են, որ սմարթֆոն գնելու դեպքում որպես նվեր ստանում են ոչ թե նույն հեռախոսի զույգը, ինչպես ասվում է գովազդում, այլ իրենց բնորոշմամբ՝ 10-20 հազար դրամանոց հեռախոս : Դիմումատուները նշում են, ակնհայտ մոլորեցնող գովազդի առկայության հանգամանքը: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում կուսումնասիրվի խնդիրը և այդ մասին կտեղկացվի հանրությանը:
Հանձնաժողովը կարևորում է գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին առնչվող խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն վնասում են սպառողների շահերին, այլ նաև որոշակիորեն խոչընդոտում են նույն ոլորտում գործող տնտեսվարողների գործունեությանը: