«Նույն այդ պատահականությունների շարքում երևում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը եւս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» եւ «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին:
Բնավ կասկածի տակ չդնելով պատկան մարմինների գործունեության անաչառությունը, ինչպես նաեւ կոնկրետ այս դեպքում հնարավոր խախտումների առկայության հնարավորությունը, չենք կարող չարձանագրել մի քանի բան: Հայաստանում ապահովագրական ընկերությունները շատ չեն, դրանք կարելի է հաշվել ձեռքի մատների վրա:
Ավելին՝ քիչ թե շատ այդ ոլորտի հետ թեկուզեւ հպանցիկ շփում ունեցողները գիտեն, որ ընկերությունների աշխատելաոճը առանձնապես չի տարբերվում: Այս իմաստով առավել տրամաբանական կլիներ, եթե պետությունը ոլորտում հնարավոր խախտումների դեմ պայքարին ձեռնամուխ լիներ համակարգային, ոչ թե խտրական մոտեցմամբ: Այս խտրական մոտեցման տպավորությունն, ընդ որում, անընդհատ ներկա է:
Ձերբակալվում է մանկապարտեզի մեկ տնօրեն, կարծես միայն այդ տնօրենն է, որ կոռուպցիոն գործարքներում կարող էր մասնակից լինել, քանդվում է մեկ ապօրինի շինություն, կարծես միայն այդ շինությունն էր ապօրինի Երեւանում:
Գուցե այս ամենը պատահականություն է, այն իմաստով, որ առանձին դեպքերն են հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք համակարգային խնդիրները:
Ոչ ոք չի վիճարկում անօրինականությունների դեմ պայքարելու կարեւորությունը, մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Լրիվ ընդհակառակը: Բայց նույն այդ պատահականությունների շարքում երեւում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը:
Գուցե սա եւս պատահակա՞ն է: Հաշվի առնելով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության հասցեին հնչող ցանկացած մտահոգություն ստանում է՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր» որակի արձագանք, նշենք, որ, իհարկե, լավ չէր:
Ավելին՝ արդարադատության խտրական կիրառումը ունեցել է գրեթե կազմակերպված բնույթ «Սերժի վախտ»: Բայց հիմա մենք ապրում ենք «Նիկոլի վախտ»: Իսկ Նիկոլի եւ Սերժի վախտերի միջեւ ճանապարհն անցել է հեղափոխությամբ: Սա ուղղակի, որպես հիշողության թարմացում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: