Ոստիկանությունը ներկայացրել է “Հարսնաքարի” գործի մանրամասները

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործը հունիսի 19-ից գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում:
Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության ղեկավար Արսեն Այվազյանը լրագրողներին ներկայացրեց հարուցված քրգործի և նախաքննական որոշ տվյալներ:
Ըստ նրա՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, այն է անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հունիսի 19-ին քրեական գործի նախաքննության իրականացման հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությանը: Նախաքննության կատարման նպատակով կազմվել է համապատասխան քննչական խումբ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ հունիսի 17-ին ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, ինչպես նաև Արկադի Աղաջանյանը Արզնու ձորում նշել են Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը:
«Հետո Վահե Ավետյանի առաջարկով՝ նրանք գնացել են Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ այնտեղ իրենց խնջույքը շարունակելու, որտեղ ռեստորանային համալիրի մատուցողներից Դավիթ Ադամյանը, ով հյտնի է նաև Ալիկ անունով, դիտողություն է արել Վահե Ավետյանին ` ասելով, թե սպորտային հագուստով մուտքը համալիր արգելվում է: Վահե Ավետյանը գնացել է տուն, փոխել է հագուստը, վերադարձել է, գլխին գլխարկ է եղել, և Դավիթ Ադամյանին ասել է. «Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր»:
Այս հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել, դուրս են եկել ռեստորանային համալիրի բակ, որտեղ մատուցողը բռունցքով հարվածել է դեմքին, դրան հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելը Վահեին և իր ընկերներին»,- ասաց Արսեն Այվազյանը՝ շարունակելով, որ քրգործի շրջանակներում ծեծի ենթարկվածները ճանաչվել են տուժողներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Վահե Ավետյանի կենդանության օրոք պարզ է դարձել, որ նրա առողջությանը ծանր վնաս է հասցվել, իսկ նրա ընկերներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի դեպքում՝ միջին ծանրության վնաս:
Արսեն Այվազյանի խոսքով՝ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի յոթ աշխատակիցներ՝ անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը,վարորդ Արթուր Բաբլոյանը, մատուցող Դավիթ Ադամյանը, ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը:
Ըստ նախաքննական մարմնի ներկայացուցչի՝ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել են, կատարվել են 28 ճանաչման գործողություն և այլ գործողություններ ևս: Արսեն Այվազյանը նաև պարզաբանեց, որ Վահե Ավետյանին և նրա ընկերներին ծեծի ենթարկողները վեցն են եղել: Բացի ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանից` մնացած վեցի դեմ քր. գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնել, որի համար նախատեսվում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով:
Նախաքննական մարմնի միջնորդությամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և ռեստորանային համալիրի վեց աշխատակիցներ գտնվում են կալանքի տակ, իսկ մենեջեր Դավիթ Հայրյանի մասնակցությունը բժիշկներին ծեծի ենթարկելու մեջ չի հիմնավորվել, քանի որ բոլոր տուժողները նշել են, որ ծեծողների մեջ չի եղել Դավիթը:
Արսեն Այվազյանի խոսքով՝ Վահե Ավետյանի մահվանից հետո ևս նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարող է հոդվածի վեաորակման հարց առաջանալ: Բանախոսը նաև հստակեցրեց, որ ծեծի մասնակիցները բոլորը եղել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի գրանցված աշխատակիցներ, որոնք ժամանակ առ ժամանակ որոշ միջոցառումների ժամանակ ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին:
Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության ղեկավար Արսեն Այվազյանը վստահեցրեց, որ կատարել և կատարելու են բոլոր քննչական գործողությունները` բազմակողմանի քննություն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան դեպք էր տեղի ունեցել. երեք ռազմական բժիշկներ ծեծի էին ենթարկվել ռեստորանային համալիրի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցների կողմից: Ծեծի արդյունքում օրեր առաջ մահացավ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Մի քանի օր առաջ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն տարածեց իր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս