Բաժիններ՝

Դաժան դեպք Սոլակ գյուղում

14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ

Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել են որպես սեռական բնույթի բռնի գործողություններ:

«Հուլիսի 6-ից սկսած գյուղում սովորականից տարբերվող իրարանցում է»,- պատմեց գյուղի բնակչուհին, որի կրպակով սկսվում է Սոլակի գյուղամեջը: Նրա խոսքերով, ուրբաթ օրը` հուլիսի 6-ից սկսած, գյուղ անընդհատ Ոստիկանության մեքենաներ են եկել, հարցուփորձ արել բնակիչներին: Երեկ գյուղի բնակիչները խուսափում էին կատարվածի մասին խոսել: Մարդիկ վախեցած էին, մի մասը տեղյակ չէր, իսկ մեծամասնությունը լուռ տխրություն էին ապրում ու չէին ցանկանում խոսել դաժան այդ դեպքի մասին: Բնակիչները, դեպքի մասին մեր հարցումներին ի պատասխան` մատնացույց էին անում այն տունը, որտեղ բնակվում էր հանցագործության մեջ կասկածվող 14-ամյա տղան: Տանը այդ պահին գտնվող կինը 14-ամյա տղայի տատիկն էր: Սկզբում նա զայրացավ մեր հարցից, այնուհետեւ տեղեկանալով, որ լրատվամիջոց ենք ներկայացնում` ասաց. «Իմ թոռս մաքուր ա, լրիվ փաստաթղթերը մաքուր են, սա ընդամենը երկու կանանց վեճ է եղել, ուրիշ ոչ մի բան, ու դա ոչ մեկի գործը չի, մենք իրենց հետ լավագույն հարեւաններ ենք` դա եղել է ու կլինի էդպես, իսկ երեխի հերն ու մերը տանը չեն, երեխեն էլ տանը չի, գնա քու գործին»: Նրանց հարեւան բակում նստած մի խումբ մարդկանցից փորձեցինք ճշտել տուժած երեխայի ընտանիքի տան տեղը, բայց ապարդյուն: Քիչ անց, սակայն, անցորդ մի կին տուժած երեխայի տունը ցույց տալով` մատնացույց արեց այն տունը, որտեղ քիչ առաջ հավաքված մարդիկ ժխտում էին, որ նման դեպք է տեղի ունեցել: Տուժող տղայի տատիկը մեզ տեսնելով` կոպտելով փակեց իրենց երկհարկանի առանձնատան դարպասը: Կատարվածի մասին պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպեցինք Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանին: Վերջինս զերծ մնաց մեկնաբանություններից` նշելով, որ դեպքի մասին նախընտրում են ամեն բան գաղտնի պահել: Գյուղապետը նաեւ ավելացրեց, որ իրեն նույնպես վերջնականապես հայտնի չէ, թե իրականում ի՞նչ է պատահել:

Այցելեցինք Կոտայքի մարզային ոստիկանություն: Այստեղ մեզ տեղեկացրեցին, որ հուլիսի 6-ին Սոլակ գյուղից ահազանգ է ստացվել, որ 14-ամյա մի տղա սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 8-ամյա տղա երեխայի նկատմամբ, որի արդյունքում տղան կալանավորվել է, եւ սկսվել է նախաքննություն: Գործը քննող քննիչ Արման Հարությունյանի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ տեղում չէր: Քիչ անց Ա. Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ գործը սովորական չէ, այլ անչափահասների եւ սեռական բնույթի բռնի գործողությունների հետ է առնչվում, եւ իրենք նախընտրում են դեռեւս ոչ մի մեկնաբանություն չտալ, եւ մեզ խորհուրդ տվեց դիմել «02» շաբաթաթերթին, որին տրվել են գործի նյութերը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, մեր զանգին ի պատասխան` ասացին, որ դեպքի մասին տեղեկություններ չունեն:

Այդպես էլ չհստակեցվեց` տեղի ունեցած դաժան դեպքը որակվել է որպես բռնաբարությո՞ւն, թե՞ սեռական բնույթի բռնի գործողություններ: Պարզ է միայն, որ երկու դեպքում էլ անձի համար նախատեսվող պատասխանատվությունը վրա է հասնում 14 տարեկանից, քանի որ կատարվել է անչափահասի նկատմամբ, այսինքն` կասկածյալը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, եթե հաստատվի նրա մեղավորությունը: Նախաքննության ավարտին ամեն բան պարզ կդառնա:

Հաճախ այսպիսի դեպքերից հետո նոր հանցագործություններ են կատարվում` վրեժի հողի վրա: Գյուղի տաքսիստը զայրացած ասում էր, թե ինչպես կվարվեր ինքը, եթե իր երեխայի նկատմամբ նման ոտնձգություն տեղի ունենար: «Կսպանեի դրան, տղամարդը այլ կերպ վարվել չի կարող, երեխուն դժբախտացնողը պիտի պատասխան տա, բոլորն էլ գիտեն ու բոլորն էլ լռում են»,- ասում էր զայրացած վարորդը: Մեր տեղեկություններով` 14-ամյա տղան եւ նրա հայրը դռնփակ դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ կալանավորվել են: Ընդ որում, նույն աղբյուրների համոզմամբ` դպրոցի ուսուցչական կոլեկտիվից մեկը դիմել էր դատարանին, որպեսզի չկալանավորեն հանցագործությունը կատարած 14-ամյա տղային:

Գյուղացիների եւ տուժող տղայի պահվածքը, նրանց լռությունը եւ հասկանալի էր, եւ անբացատրելի: Եվ կատարված դաժանության ցավը, եւ խայտառակ լինելու վախը նրանց չէր թողնում խոսել: Մյուս կողմից, սակայն, ստացվում է, որ սեփական ձեռքերով մարդիկ թաղում են ճշմարտությունը` խուսափելու համար գյուղում խայտառակվելուց: Այն դեպքում, երբ նման երեւույթները պետք է հրապարակավ դատապարտել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան: Տուժածը պետք է տեսնի, որ մեղավորը պատժվել է, ոչ թե լուռ ապրի նրա կողքին:

Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ

Հ.Գ. Հասկանալի պատճառով` չենք նշում տղաների, ինչպես նաեւ մեր զրուցակից գյուղացիների անունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս