Լարսի այլընտրանքային ճանապարհը կա, մնում է վրացական կողմի համաձայնությունը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը շարունակում է աշխատել Լարսի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչելու ծրագրի վրա։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Ս. Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ է գտել, և եթե վրացական կողմի հետ գան ընդհանուր հայտարարի, ապա Լարսը կունենա այդ այլընտրանքային ճանապարհը, որը Հայաստանի համար ավելի մատչելի ու ձեռնտու տարբերակ է, քան Լարսը։
168.am-ը Սերգեյ Բագրատյանից կրկին հետաքրքվեց, թե ի՞նչ փուլում է ծրագիրը, և այս պահին ի՞նչ արդյունքներ կան։
«Այս պահին իրագործում ենք ծրագրի հետևյալ փուլը՝ փորձում ենք համաձայնության գալ Վրաստանի իշխանությունների հետ, հարցը լուծել հազվադեպ պետական մակարդակի հարաբերությունների միջոցով։ Այսօր ունենք հնարավորություն, որպեսզի Հայաստանի իշխանությունները դիմեն Վրաստանի իշխանություններին։ Իսկ մինչ այդ Լարսի խնդիրը չենք կարողանում լուծել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Հարցին՝ ծրագիրն ունի՞ հեռանկարներ, թե՞ այնուամենայնիվ այն կմնա թղթի վրա, Սերգեյ Բագրատյանը վստահեցրեց, որ այն կյանքի կոչվելու մեծ հեռանկարներ ունի, և հույս հայտնեց, որ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո այդ խնդրին անպայման կանդրադառնան։
«Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունում պաշտոնները զբաղեցնում էին պաշտոնակատարները, ուստի մեր շատ գրություններին պաշտոնակատարի կարգավիճակով չէին պատասխանել։ Կառավարության ձևավորումից հետո, ինքս կմիջամտեմ, որպեսզի այս հարցը արագ լուծվի, քանի որ ծրագիրը լուրջ հեռանկարներ ունի, և այն չենք կարող անտեսել»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ արդեն երեք օր Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Զվարթ Խաչատրյան