«Մամուլի նկատմամբ ճնշումը կարող է խորանալ». ոլորտի մասնագետները՝ լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ
Հունվարի 13-ին hraparak.am կայքն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի գլխավոր էլիտայի մասնակցությամբ մի միջոցառման և դրա վերաբերյալ ընթերցողներին տվել էր որոշակի մանրամասներ։ Այս հանգամանքը վրդովվեցրել էր Նիկոլ Փաշինյանին, որն իր ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ որոշակի պիտակավորում էր տվել ոչ միայն՝ լուրը հրապարակող, այլև՝ մյուս բոլոր լրատվամիջոցներին։
Այս կապակցությամբ իրենց անհանգստությունը հայտնեցին որոշ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն՝ միությունը հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։
«Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող այս գործողություններին և ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ նկատեց՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ։
Նա հիշեցրեց «Yerevan.today», «News.am» և « Aysor.am» լրատվամիջոցների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված գործողությունները։
«Կարծում եմ՝ այս միտումները և մամուլի նկատմամբ ճնշումը կխորանան։ Պատճառն այն է, որ ցանկացած իշխանություն ձգտում է ավելի շատ իշխանության, որին խանգարող մի շարք հանգամանքներ կան, առաջին հերթին՝ Սահմանադրությունն է, օրենքներն են և, իհարկե, բարոյականությունը, որը փորձում է ամեն ինչ սահմանների մեջ պահել»,- նշեց Ա. Ենոքյանը։
Նա նաև հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը երազում էր դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն, սակայն դառնալով իշխանություն՝ Հայաստանում վերացրեց ինստիտուցիոնալ ընդդիմությունը, և հաջորդ ինստիտուտը, որը կարող է խանգարել այդ «տոտալիտար» միտումներին, Աղասի Ենոքյանի կարծիքով՝ մամուլն է, ուստի իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, իր այդ ծրագիրն իրագործելու համար պետք է նաև մամուլի, խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
«Պետք է հաշվի առնենք նաև այն գործոնը, որ հեղափոխություն է, իսկ հեղափոխության ժամանակ օրենքները հաճախ չեն աշխատում, բարոյականությունը կոտրվում է, իսկ մենք տեսնում ենք, որ այս հեղափոխությունից հետո բարոյական որոշակի խնդիրներ են առաջացել։ Տեսնում ենք, որ իշխանական բարձրաստիճան անձինք փորձում են մարդասպանների արդարացնել։ Այնպես որ, այս միտումը խորանալու է»,- ասաց Աղասի Ենոքյանը։
Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլը՝ ուղղված մամուլի դեմ, ամիսներ առաջ արված գրառումն էր՝ կապված հեռուստաընկերություններից մեկի հետ, որի անունը վարչապետն այդպես էլ չբացահայտեց։
Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որում ասվում էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։
Ս. Սեյրանյանի բնորոշմամբ, վարչապետի այս հայտարարությունը հնչել է մահակի պես, քանի որ, եթե հայտարարվում է, որ որևէ կառույց կամ անձ հակապետական գործունեություն է իրականացնում, ապա դրան պետք է հետևեն իրավական գործողություններ։
«Այս դեպքում մեղադրում է հեռուստաընկերություններին հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և չի նշում՝ ո՞ր հեռուստաընկերությունն է, ի՞նչ թողարկում է եղել, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե հայտարարությունը չի հստակեցվում, ապա այն արդեն ընկալվում է որպես մահակ՝ ուղղված ամբողջ լրատվական դաշտին։ Սա առաջին քայլն էր, որին հետևեցին Yerevan.today, News.am և Aysor.am լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցած գործողությունները, Yerevan.today- տեխնիկան բոլորովին վերջերս են վերադարձրել խմբագրությանը, այս հարցում Ժուռնալիստների միությունը շատ հետևողական էր, միայն ՀՀ Քննչական կոմիտեին մեր գրավոր հարցումից հետո ժամկետներ նշվեցին և տեխնիկան վերդարձրեցին լրատվամիջոցին»,- ընդգծեց Ս. Սեյրանյանը։
Նա նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում լինելով թերթի գլխավոր խմբագիր՝ առաջամարտիկներից է եղել կուլիսային լուրերի հրապարակման մեջ։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դիտարկմամբ՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանին դուր չգա ՀՀԿ-ի իշխանությունների հետ համեմատելը, այդուհանդերձ, այն, ինչ այսօր տեղի է ունենում լրատվամիջոցների նկատմամբ, տեսել են նախկինում ևս։
«Ցավալին այն է, որ, եթե նախկինում այդ ամենն անում էին մեր կողմից մերժված իշխանությունները, ապա այսօր անում է մեր հարազատ, մեր բոլորի օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը, մասնավորապես, որ շատ ավելի ցավալի է՝ նախկին գլխավոր խմբագիրը, որը երկար տարիներ թերթ է խմբագրել և պետք է շատ ավելի լավ հասկանա մամուլի աշխատանքի սկզբունքները, ոճը և առհասարակ մամուլի, խոսքի ազատության արժեքը պետք է գիտակցի»,- նշեց Արմինե Օհանյանը և հավելեց, որ վարչապետի հայտարարությունը որևէ կերպ չի անդրադարձել իրենց աշխատանքների վրա։ Սակայն ամեն ինչ կարող է հանգեցնել նրան, որ մերժման, ատելության, թշնամանքի իրավիճակ ստեղծվի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան