«Ժառանգություն»-ը Տեր-Պետրոսյանին միասնական թեկնածու չի համարում
«Նախագահի միասնական թեկնածուի գաղափարին մենք լավ ենք վերաբերվում, բայց այդ դերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին չենք տեսնում: Բացառում ենք նաև գործող և երկրորդ նախագահների առաջադրումը, ովքեր այս տարիների ընթացքում խանգարել են պետության կայացման գործին: Մի խոսքով` Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունը նախագահական ընտրություններին բացառում ենք»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգություն» կուսակցությունն ունի նախագահի իր թեկնածուն. նա անվերապահորեն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, – նշեց Փոստանջյանը:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու և նրա մահվան փաստին` Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, և արդար քննություն պետք է տեղի ունենա:
«Ամեն ինչ սկսվեց դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ «Պապլավոկ»-ում մարդ սպանվեց: Եթե չլիներ այդ հայտնի դեպքը, գուցե չլիներ նաև Վահե Ավետյանի դեպքը»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, թե հասարակությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանի նման օլիգարխները ստիպված լինեն վայր դնել իրենց մանդատները:
«Նա ԱԺ-ում միայնակ չէ: Խորհրդարանում նրանից ավելի «պայծառ» դեմքեր կան, որոնք օրենսդիր մարմնի հետ որևէ կապ չպետք է ունենան: Նման մարդկանց` մանդատից հրաժարվել ստիպելը շարունակական բնույթ պետք է կրի: Միգուցե հրաժարականը Ռուբեն Հայրապետյանի որոշումը չէր, միգուցե մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը նա չէր գրել, սակայն կարևորն այն է, որ հասարակական ճնշման ներքո նման որոշում կայացվեց»,- նկատեց պատգամավորը:
Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանը հավաստիացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությանն անդամագրվողների թվի աճ է նկատվում: