
Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի հարցով համաժողովին մասնակցելուց

Փարիզում հուլիսի 6-ին տեղի կունենա այսպես կոչված «Սիրիայի բարեկամների»` Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքական գործիչների խմբի երրորդ հանդիպումը, որոնք իբրձ թե փորձում են Սիրիայում արյունահեղության դադարեցման ուղիներ գտնել:
Մասնակիցների կազմից կրճատվել է Իրանը: «Իրանական վարչակարգը լիովին սատարում է Բաշար Ասադի արյունալի բռնությունները, ուստի չի կարող ճգնաժամի խաղաղ լուծման ուղիների որոնմանը մասնակցել», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է «Ազատությունը»:
Ռուսաստանը, որը չէր մասնակցում այսպես կոչված «Սիրիայի ընկերների» առաջին երկու հանդիպումներին, հրաժարվել է նաեւ այս անգամ: Այդ մասին հուլիսի 5-ին լրագրողներին է հայտնել ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ այդ խումբն սկզբնապես միայն մեկ նպատակ է հետապնդել. Պաշտպանել մեկ, ընդ որում, ոչ թե ներքին, այլ արտաքին` արտասահմանյան ընդդիմության խմբին: Ընդ որում Լավրովը համոզված է, որ Ժնեւի հանդիպումն սպառել է նման հանդիպումների անհրաժեշտությունը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Փարիզում կհավաքվեն շուրջ 150 պետությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հասկանալի է, որ նման կազմով որեւէ լուրջ խոսակցություն կայունացման ուղիների վերաբերյալ վարելն անհնար է», – եզրակացրել է ռուսական ԱԳՆ-ի ղեկավարը: