Վրաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը հետաձգել է բեռնատարներով ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը
Նախորդ տարվա ամռանը Վրաստանի կառավարությունը որոշել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 15-ից արգելելու է իր տարածքով բեռնատարներով ապրանքների՝ ցորենի, անասնակերի ներկրումը։ Հայաստանում այս որոշումը խիստ անհանգստություն առաջացրեց, քանի որ Վրաստանի կառավարությունն առաջարկել էր ծովային ճանապարհը, ինչը, փորձագետների կարծիքով՝ մի քանի անգամ ավելի թանկ արժեր, և ներկրողներն այդ ամենի հետևանքով կարող էին կանգնել մեծ խնդրի առջև։
Խնդրի վերաբերյալ 168.am-ի հետ զրույցում իր անհանգստությունն էր արտահայտել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ գազի գնից զատ, կա նաև այդ կարևոր խնդիրը, որի քննարկումը Վրաստանի կառավարությունը հետաձգել է մինչև այս տարվա հունվար։
168-am-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել այս ուղղությամբ, եթե Վրաստանի կառավարությունը վերսկսի որոշման քննարկումը։
Նախարարության խոսնակ Անահիտ Առաքելյանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունն իր որոշումը հետաձգել է մինչև այս տարվա հոկտեմբեր:
«Ի սկզբանե որոշումը հետաձգվել էր մինչև այս տարվա հունվար, սակայն հետո վերանայեցին, և ժամկետը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը»,- նշեց Ա. Առաքելյանը։
Զվարթ Խաչատրյան