Գին չեն գցում
Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` Սպայկա բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին Սպայկային, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան քանակությամբ մրգեր` ծիրան ու կեռաս` խոստանալով շուտափույթ վճարում: Նույն գյուղի բնակիչները “168 Ժամի” թղթակցի հետ զրույցում նշել են, որ եթե ծիրանը չի ունենում իդեալական առեւտրային տեսք, մթերող ընկերությունը չի ընդունում։ Արդյունքում, գյուղացիները հայտնվում են փակուղում եւ չեն կարողանում վաճառել միրգը: “Սպայկա” ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ մթերման աշխատանքներն արդեն իսկ վերսկսվել են եւ շարունակական են լինելու: Ինչ վերաբերում է մթերված մրգերի վճարումներին, ապա Դ. Ղազարյանը նշել է, որ ընկերությունում շրջանառու միջոցների խնդիր կա, որն աստիճանաբար լուծվում է: Գյուղացիները թող չանհանգստանան, վճարվելու են,- ասել է նա: Լուրերը, թե Սպայկան մրգի գինը գցում է` էժան ձեռք բերելու նպատակով, ընկերության ղեկավարը հերքել է` ասելով, որ, օրինակ, կեռասի 1 կիլոգրամը մթերվել է 400-500 դրամով, ինչն էժան անվանել չի կարելի: “Մեր կազմակերպությունը թանկ գնով է ձեռք բերում միրգը, մի՞թե իրենք այդ մասին չեն ասել”,- ասել է Դ. Ղազարյանը: Ինչ վերաբերում է ծիրանի առեւտրային տեսքին, ապա, ըստ Դ. Ղազարյանի` իրենք վերցնում են ցանկացած տեսակի միրգ` անկախ արտաքին տեսքից: