Փոփոխություններ ՀՅԴ-ում
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: “Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բանաձեւերը կընդունվեն, կվերլուծվի ստեղծված իրավիճակը, կնախանշվեն գալիք 2 տարիների անելիքները”,- ասել է նա: Նա նաեւ չի բացառել, որ փոփոխություններ կարող են լինել ԳՄ-ում, կարող են փոխվել անդամները կամ ԳՄ ներկայացուցիչը: “Ամեն ինչ է հնարավոր: Մեր ժողովրդավարական կառույցն այդպիսին է, կարող է ամեն ինչ ամբողջությամբ փոխվել: Եվ միշտ է փոխվել, այնպես չի եղել, որ որեւէ մարմին ամբողջությամբ կրկնվի, վերարտադրվի”,- ասել է նա: