Բաժիններ՝

«Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում տեղի ունեցավ թավշյա` ոչ բռնի հեղափոխություն». Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամանորյա ուղերձը.

«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը:

Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում տեղի ունեցավ թավշյա` ոչ բռնի հեղափոխություն, անցկացվեցին աննախադեպ արդարացի ու թափանցիկ համապետական ընտրություններ, երկրում սկսվեց կուռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ իրական պայքար։ Այս ամենով մենք հերթական անգամ ապացուցեցինք աշխարհին, որ դեպի ժողովրդավարական և իրավական պետություն տանող ճանապարհն այլընտրանք չունի Հայաստանի Հանրապետության և դրա հպարտ քաղաքացիների համար:

Անցնող տարին հատկանշական էր ներքաղաքական զարգացումների տրամաբանության առողջացման առումով: Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունները ունեին քաղաքական բովանդակություն և նպաստում են հանրային ու քաղաքական կյանքի վերակենդանացմանը։ Առաջին անգամ Հայաստանում ընդդիմությունը եկավ իշխանության և պատասխանատվություն ստանձնեց երկրի ապագայի համար` նոր որակ հաղորդելով քաղաքական դաշտին:

Ի թիվս բազմաթիվ այլ բարեփոխումների 2019 թվականը կլինի նաև Հայաստանում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի և անվտանգության խորհուրդը ու դրա գրասենյակը հսկայական աշխատանք ունեն անելու այս ուղությամբ։

Ուրախությամբ եմ նշում, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին 2018 թվականին մեզ հաջողվեց քաղաքական ընդհանուր կայունություն, անվտանգության բարձր մակարդակ և տնտեսական զարգացում գրանցել: Վստահ եմ, որ այս իրողությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և մեզ համար արդիական հանդիսացող տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորումը թույլ կտան մոտ ապագայում լուծել մեզ ծանր ժառանգություն մնացած բազմաթիվ խնդիրներ, կառուցել հիրավի զարգացող և հզոր Հայաստան:

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող գալիք` 2019 թվականը բոլորիս համար նշանավորվի որպես զարգացման, խաղաղության, երջանկության և արգասաբեր աշխատանքի տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս