«Բոլորիս նպատակն է, որ գալիք տարին մեր երկրի համար լինի խաղաղության, հաղթանակների ու ձեռքբերումների տարի». Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում նշված է.
«Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին, ինչպես միշտ, հագեցած էր տարաբնույթ իրադաձություններով։ Այս տարի ևս մենք կարողացանք համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարել բազմաթիվ մատահրավերներ և ամենակարևորը՝ կյանքի կոչել տասնյակ նախաձեռնություններ, որոնք առաջին հերթին միտված էին բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։
Տարեվերջին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ ջանք չխնայեցիք ձեր թեկուզ փոքր, բայց կարևոր ներդրումն ունենալ բժշկական բուհի զարգացման գործում։
Շուտով ԵՊԲՀ-ն կտոնի իր հիմնադրման մեկ դարը, իսկ սա նշանակում է, որ հոբելյանական այս կարևոր իրադաձությանը պետք է լրջորեն պատրաստվենք։
Պահպանելով բուհի հարյուրամյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք բոլոր այն նորարարությունների ներդրման համար, որոնք ժամանակի պահանջն են ու հրամայականը։
Տարեմուտը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն հաշվետու լինել կատարած աշխատանքի համար, այլ նաև նախանշել գալիք տարվա նպատակներն ու անելիքները, և հաստատուն քայլերով, համատեղ աշխատանքի շնորհիվ՝ հասնել նշանակետին:
Սիրելի՛ ապագա բժիշկներ, մաղթում եմ, որ ավելացնեք Ձեր ջանքերը՝ որակյալ կրթության ապահովման համար, լինեք պատասխանատու և նախաձեռնող յուրաքանչյուր գործում: Սրտանց ուզում եմ, որ 2019 թվականը լինի գիտելիքի ձեռքբերման, արժևորման ու նորանոր հաջողությունների տարի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ տոնական օրերին բուժհաստատություններում ու սահմանին հիվանդին ու զինվորին մեծ հոգատարությամբ վերաբերող, իրենց պարտքը կատարող ու կոչման մասին չմոռացող բուժաշխատողներին:
Բոլորիս նպատակն է, որ գալիք տարին մեր երկրի համար լինի խաղաղության, հաղթանակների ու ձեռքբերումների տարի»: