Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է նաև զինվորներին տեսակցող ծնողների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող բուժծառայությունների որակի, անձնակազմի հոգատարության և հիվանդանոցային պայմանների համար: Որպես բժիշկ-վիրաբույժ՝ Արա Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ զինվորներին մատուցվող բուժծառայության որակը մշտապես պետության ուշադրության առանցքում է և ուրախությամբ փաստել, որ այդ առումով դրական փոփոխություններն ակնհայտ են: