ՀՀ փոխվարչապետն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում: Նա նշել , որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, և օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար:
Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանի որոշ մարզեր և Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, բայց այդ հարաբերությունները զարգանալու և ընդլայնվելու մեծ ներուժ ունեն: «Այդ մակարդակում շփումները բավականին գործնական են, պայմանավորվածություններ են լինում կոնկրետ ծրագրերի շուրջ, որոնք ապահովում են կոնկրետ արդյունքներ, և դա նպաստում է նաև երկկողմ ապրանքաշրջանառության աճին»,-նշել է Ա. Գևորգյանը:
Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար և մեծ ներուժ ունի` նա տեղեկացրել է, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որը ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են նաև ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր: