«Ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ». Մխիթար Հայրապետյանը՝ նախարարության լուծարման մասին
«Սփյուռքի նախարարությունն արդեն իսկ սահմանված կարգով ներկայացրել է իր մտահոգությունները, առաջարկություններն ու դիտողությունները, դրանք ներկայացնելով արդարադատության նախարարությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Ըստ նրա՝ նախարարությունները կրճատվում են՝ 17-ից դառնալով 12, սակայն Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, և իրենք մտահոգություններ ունեն, որովհետև հստակ չի, թե իրենց գործառույթները ո՞ր գերատեսչությունն է ստանձնելու.
«Եվ մենք դրա վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնել ենք թե՛ քաղաքական թիմին, թե սահմանված աշխատանքային ընթացակարգով»:
«Ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ»,- ասաց Հայրապետյանը՝ չբացառելով, որ սփյուռքի նախարարությունը ոչ թե կլուծարվի, այլ կդառնա այլ նախարարության մաս: