«Ես ռազմական բժիշկ եմ եղել». Վահան Արծրունին՝ իրեն քննադատողներին
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներն առաջիկայում պետք է նախագահ ընտրեն։
Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից մեկը երգահան, բժիշկ Վահան Արծրունին է, ով 168.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ առաջադրման մասին մամուլից տեղեկացա և մեծ պատիվ համարելով՝ ընդունեցի։ Գիտեք՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադիր, բժշկապետ Վահան Արծրունու ծոռն եմ և շատ խորհրդանշական եմ համարում այս զարգացումները»:
Ավելի ուշ մյուս թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե իր համոզմամբ՝ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը պետք է ղեկավարի պրակտիկ բժշկությամբ զբաղված մարդը, ինչն Արծրունին չի արել:
Մեզ հետ զրույցում Վահան Արծրունին նշեց, որ կարևոր է բժշկության ոլորտում աշխատելը, ինչն ինքը արել է.
«Քննադատողները չգիտեն, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո բանակում որպես բժիշկ եմ ծառայել: Ես ռազմական բժիշկ եմ եղել, բանակում բուժկետի պետ եմ աշխատել: Մեկն էլ գրել էր, թե՝ հետո՞ ինչ, որ պապը Բժշկական համալսարանից է եղել: Եղբա՛յր, քո բժիշկ լինելը, հանապազօրյա հացն աշխատելը պայմանավորված է նրանով, որ պապս եկել ու զրոյից հիմնել է այդ հաստատությունը: Նախ և առաջ՝ խոնարհվի՛ր այդ հանգամանքի առջև, նոր լեզուդ երկարացրու: Ինձ համար խորհրդանշական է այս ամենը և մեծ պատիվ: Շատերի համար սա աթոռակռիվ ու փող աշխատելու միջոց է, այնինչ այդ պաշտոնը հասարակական հիմունքներով է, չի վարձատրվում:
Այն բոլոր խնդիրները, տարակածությունները որոնք առկա են, չի կարելի փոխանցել խորհրդի հարթակին, այն պետք է վեր լինի այդ ամենից, ու նախագահի առաջին խնդիրը հենց այդ կապերից դուրս լինելն է, հակառակ դեպքում՝ իր անաչառ ղեկավարող ֆունկցիան չի կարողանա կատարել: Կարծում եմ՝ ԿԳ նախարարը Հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելու առաջարկն ինձ անելիս հենց սրանով էր առաջնորդվել:
Նույն մոտիվացիան ուներ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը. դասախոսների, ուսանողների համար հենց դրանով է կարևորված իմ՝ նախագահ լինելը, որովհետև ես համակարգից դուրս եմ: Համակարգի ներսի մարդը հակասություններ է բերում այդ դաշտ: Ես այդ հակասություններից դուրս մարդ եմ, չեմ էլ պատրաստվում թաթախվել դրա մեջ: Բժշկական ոլորտում չաշխատելը կամ քիչ աշխատելը ես մեծ պլյուս եմ համարում այս պարագայում, քանի որ դա ինձ ազատում է ներքին կապերով պայմանավորված որևէ պարտավորություններից»:
Հավելենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքը հակված է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի խորհրդի նախագահ տեսնել Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա հ/կ-ի նախագահ, Վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր, տնօրեն Էդուարդ Համբարձումյանին, սակայն բժշկական համալսարանում կարծես այլ տրամադրություններ են:
Հիշեցնենք, որ պարոն Համբարձումյանը մինչև հեղափոխությունը վայելում էր Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի աջակցությունն ու հովանավորությունը, ընդհուպ՝ նրա կենտրոնի սարքավորումների ներմուծմանը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի միջոցով, բարեգործական բնույթ էր հաղորդվում: Ներկայումս պարոն Համբարձումյանն «Իմ քայլը» դաշինքի բարեհաճությունն է վայելում:
Անի Կարապետյան