ՄԻՊ. Վախ պետք է ունենա օրինազանցը, այլ ոչ՝ օրինապաշտ քաղաքացին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսը խնդրեց սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացած ՀՀ ՊՆ կայազորի զինվորական հոսպիալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հիշատակի: Այնուհետև նա պարզաբանեց, որ մինչ օրս դեպքի առիթով խուսափել է հայտարարությունից, քանի որ ինքն ի պաշտոնե որևէ իրավասություն չի ունեցել միջամտելու:
«Նախանձում եմ այն ուժերին, որոնք կարող են արտահայտել իրենց մարդկային կարծիքները, ժամերով խոսել, թե որքան են վրդովված: Զրկված եմ նույնիսկ իրավունքից գնալ և մոմ վառել»,- ասաց նա, սակայն չխուսափեց խոսել, թե ինչի հետևանքով է, որ նման երևույթների ականատեսն ենք լինում:
«Այս ամենը վախերի արդյունք և հետևանք է, մեր հասարակության ամենամեծ ցավը տարբեր վախերն են: Վախ, որ դու կհայտնվես դատարանում, և քո հանդեպ կլինի անարդար վճիռ: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ պետավտոտեսուչը ապօրինի ձևով կխոչընդոտի քո երթևեկությանը: Վախ, որ դու քո վերջին թոշակը չես ստանա, կամ այն չի հերիքի և այլն»,- ասաց նա։
Կարեն Անդրեասյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակությունում նման վախեր գոյություն ունեն, բայց հակառակ պատկերով: Ըստ նրա՝ մեզ մոտ վախերի հավասարակշռությունը լրջորեն խախտված է:
«Վախը պետք է ունենա իշխանավորը` կաշառք վերցնելու պահին, վախը պետք է ունենա մկանոտ այն երիտասարդը, որ ծեծելով կարող է սպանության հասցնել մեկ այլ երիտասարդի: Վախը պետք է ունենան իշխանավորները, եթե հասարակությունը նման ցնցման և դժգոհման մեջ լինի»,- ասաց նա: Կարեն Անդրեասյանի համոզմամբ, այդ վախն անհաղթահարելի է, մինչև չլինեն արդար դատաիրավական բարեփոխումներ, այն հաղթահարել չի լինի:
ՀՀ օմբուդսմենը նկատեց, որ «Հարսնաքարի» դեպքից հետո այդ ռեստորանի շենքը պայթեցնելու փոխգնդապետի փորձը հենց այդ վախի վրա է հիմնված, որ չի լինի արդարություն:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի համար այսօր երկու կարևորագույն հարց է դրված. «Ադրբեջանական խնդիրը երկիրը դրսից է կեղեքում, դատաիրավական խնդիրը՝ ներսից»:
Կարեն Անդրեասյանը հրապարակավ կոչ արեց լրջագույնս քննարկել դատաիրավական համակարգի կայացման վերաբերյալ լուծումները, մասնավորապես այն ուղղելով Արդարադատության երեք նախարարների՝ Դավիթ Հարությունյանին, ով, ըստ նրա, դատաիրավական բարեփոխումների հիմնադիր ճարտարապետն է, Գևորգ Դանիելյանին, ով մաս է կազմել այդ բարեփոխումների, և Հրայր Թովմասյանին: