ԱՀԿ-ն ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է առողջ սննդակարգի կանոնների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է ճիշտ սնվելու մասին: Կազմակերպությունն իր կայքում զետեղել է հանձնարարականներ, որոնք կօգնեն նվազեցնելու առողջության հետ կապված տհաճությունների վտանգը տոնական առատ կերուխումերից հետո։
Թեեւ առողջ սննդակարգի բաղադրությունը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ մարդկանց տարիքից, նրանց ակտիվությունից եւ այն տեղանքի սննդից, որտեղ նրանք ապրում են, այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է ԱՀԿ-ն, բոլոր մշակույթներում կան «որոշակի ընդհանուր խորհուրդներ, որոնք մեզ օգնում են ավելի առողջ եւ երկարատեւ կյանք ապրել»:
Ահա դրանք. սնունդը պետք է լինի բազմազան, հարկ է նվազեցնել աղի, շաքարի եւ որոշ տեսակի ճարպերի գործածումը, խուսափել ալկոհոլի վնասակար ներգործությունից: Խոսելով ոգլից խմիչքների մասին՝ ԱՀԿ-ի փորձագետները հարկ են համարել հիշեցնել, որ այն «առողջ սննդակարգի մաս չէ», սակայն «շատ մշակույթներում ամանորյա տոնակատարությունները զուգորդվում են մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման հետ»:
Ամբողջությամբ վերցված, չափից դուրս կամ հաճախակի խմելը մեծացնում է վնասվածքներ ստանալու վտանգը, իսկ երկարաժամկետ առումով քայքայում է լյարդը, առաջացնում ուռուցքաբանական, սիրտ-անոթային եւ հոգեկան հիվանդություններ: Ուստի փորձագետները հայտարարում են. «Ալկոհոլի որեւիցե անվտանգ բաժնաչափ չկա, եւ շատ մարդկանց համար գործածության նույնիսկ ոչ մեծ մակարդակը հղի է լուրջ վտանգով: Հիշե՛ք. որքան քիչ ալկոհոլ, այնքան լավ, իսկ բնավ չխմելը պարզապես հիանալի է », հաղորդել է ՏԱՍՍ-ը: