Բաժիններ՝

Ինչո՞ւ են Կենտրոն համայնքում մանր ու միջին բիզնեսով զբաղվողներից 50.000 դրամ պահանջել

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով. «Սիրելի ժողովուրդ, պարզվում է, քաղաքապետարանը, ի հեճուկս վարչապետի, որ հայտարարեց փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացման մասին, այսօր ընկած Կենտրոն համայնքում, մանր ու միջին բիզնեսով զբաղվողներից 50 000 դրամ էին պահանջում՝ քաղաքապետարանի համար որպես լրացուցիչ տուրք, հետն էլ սպառնում։ Հետաքրքիր է, կառավարությունում տեղյա՞կ են»։

Կենտրոն վարչական շրջանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Զորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործում է  Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ գլխի 8-րդ հոդվածի 8-րդ ենթակետով սահմանվում է համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվությունը:

«Երևանի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի Ն-91 Ն որոշման 10-րդ կետով հիշյալ թույլտվության համաձայն՝ օրացուցային տարվա համար վճարը  սահմանված է 50.000 ՀՀ դրամ: Այսինքն, խոսքը հենց այս թույլտվության ու տուրքի մասին է, որը օրենքի սահմաններում տեղավորվող ընթացակարգ է»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ տեղի  է ունեցել հետևյալը.  «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում գործող որոշ տնտեսվարողներ չեն կատարել վերը նշված պարտավորությունը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով տնտեսվարողներին հիշեցրել են պարտավորության կատարման ժամկետների և անհրաժեշտության մասին ու հաղորդել, որ չկատարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի համապատասխան 169-ի 7-րդ հոդվածով սահմանվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 150-ապատակի չափով:

Հիշյալ գործողությունը հարուցել է առանձին տնտեսվարողների ոչ համարժեք, ագրեսիվ արձագանքը, ուստի հետագա կոնֆլիկտից խուսափելու համար մեր աշխատակիցները հեռացել են տարածքից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընկերության ղեկավարությանը պարզապես հորդորում ենք ցուցաբերել աջակցություն՝ օրենքով սահմանված ընթացակարգի պատշաճ և ճշգրիտ ապահովումն իրականացնելու նպատակով»:

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս