Բաժիններ՝

«Գոնե պետությունը չպետք է ստեղծի սուտ աշխատատեղեր». Տնտեսագետը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

Դեռևս հոկտեմբերին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության ընդանուր կառուցվածքը պետք է փոխվի և կրճատվի նախարարությունների թիվը։ Ըստ Ն. Փաշինյանի, կառավարման համակարգում կա արդյունավետության և արագության խնդիր, ուստի պետք է  կրճատումներ լինեն՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նա նաև նշել էր, որ նախարարությունների թվի կրճատման խնդրով կսկսեն զբաղվել մասնավորապես 2019 թվականին։

Օրերս հայտնի դարձան մի քանի նախարարությունների անուններ, որոնք պետք է կրճատվեն, նշվում է Սփյուռքի, Մշակույթի, Գյուղատնտեսության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։ Թե կրճատման տակ հայտնված նախարարությունների այս շարքը քանիսը կհամալրեն՝ այս պահին դեռ հայտնի չէ։

168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով նախարարությունների թվի կրճատմանը, ասաց, որ խնդիրը նախարարությունները կրճատելը կամ ավելացնելը  չէ, այն շատ պարզունակ է, քանի որ  կառավարության կառուցվածքը պետք է ծառայի երկրի զարգացմանը։

«Որպեսզի մենք ունենանք լավ կառուցվածք, պետք է բարեփոխենք հանրային կառավարման համակարգը, դրա համար պետք է նայենք, թե երկիրն ինչ թիրախներ ունի կամ ինչպիսի թիրախներ պետք է ունենա, ինչն էլ իր հերթին՝ պահանջում է, որպեսզի մենք ունենանք հստակ ձևավորված ու մշակված ռազմավարություն, որը սովորաբար ունի տեսլական և ճանապարհներ՝ այդ նպատակին հասնելու համար։ Երբ այս ամենը մենք կհստակեցնենք, դրանից հետո գործառույթների առումով նոր պետք է տեսնենք, թե պետությունն ինչ գործառույթներ պետք է իրականացնի և ինչ ձևաչափերով։ Նախարարությունները հենց այդ ձևաչափերն է, որով պետք է մշակեն քաղաքականություն»,- նշեց տնտեսագետը։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ավելի լավ կլիներ, եթե այս հարցը դրվեր քննարկման, եթե ոչ՝ հանրային, ապա՝ գոնե փորձագիտական քննարկման, ինչը տեղի չի ունեցել։

«Ցավում եմ, որ քննարկում չի եղել, քանի որ մեկ տարի առաջ այն, ինչ ես ներկայացրել եմ, հիմնված է եղել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունների վրա, որի արդյունքում եկանք այն եզրակացության, որ նախարարությունների ուղիղ կեսը կա՛մ կրկնում են իրար, կա՛մ պարզապես անիմաստ են։ Օրինակ, Կրթության և գիտության նախարությունը եթե համեմատենք հինգ տարի առաջ ունեցած գործառույթների հետ, 15 տոկոսն էլ չի իրականացնում։ Ժամանակին առաջարկել էի, որ Մշակույթի նախարարությունը միավորվի ԿԳ նախարարության հետ, այդպիսի հանձնաժողով մենք ունենք խորհրդարանում»,- շեշտեց Թ. Մանասերյանը։

Ըստ նրա՝ երիտասարդության հարցերը պետք է լինեն պետության հոգածության առանձին առարկա, քանի որ այն ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ ազգային անվտանգության խնդիր է, քանի որ երիտասարդների տեսակարար կշիռը բնակչության կազմում գնալով նվազում է, ինչն էլ կարող է երկրի համար դառնալ լուրջ սպառնալիք։

Ինչ վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ապա, Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ այն կարող է միավորվել Առողջապահության նախարարության հետ, քանի որ անկախության տարիներին աշխատատեղերին միտված որևէ քաղաքականություն չի իրականացվել,պարզապես անունն է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Սփյուռքի նախարարության մասին շատ է խոսվել, առաջինն եմ դրա մասին բարձրաձայնել, որ այդ նախարարությունն ուռճացված կառույց է, իհարկե, պետք է լինի, բայց վատ չի գործի նաև այլ ձևաչափով։ Կարևոր է՝ հասկանանք, թե ինչ ենք ուզում սփյուռքից, մինչև այժմ  ո՛չ մենք ենք սփյուռքին ճանաչել, ո՛չ սփյուռքը մեզ։ Այսքան տարիների արդյունքը սա է, և մեծ մասը եղել է շրջագայությունների փողեր, այլ ոչ թե՝ կոնկրետ ինչ-որ ծրագրերի։ Պետք է բացառել կրկնությունները և նրանցից խնայված միջոցները տալ ավելի արդյունավետ աշխատող մարդկանց։

Հորդորում եմ կառավարությանը, որ այն, ինչի մասին խոսել է մայիսյան հեղափոխության ժամանակ, հետամուտ լինի և համարձակություն ունենա յուրաքանչյուր տեղի համար իրականացնել մրցույթ, որտեղ կհաղթեն ոչ թե անձինք, այլ ծրագրերը։ Այն, ինչ մենք ունեցել ենք այս 6-7 ամիսների ընթացքում կադրային քաղաքականության առումով՝ չնչին բացառությամբ, հետագիծ չունեցող մարդիկ են եկել իշխանության, որը կարող է լուրջ վտանգ լինել երկրի համար»,- նշեց Թ. Մանասերյանը։
Հարցին՝ կրճատումների հետևանքով շատ մարդիկ պարզապես կմնան առանց աշխատանքի և կհամալրեն գործազուրկների շարքերը, ի՞նչ անել այդ խնդրից խուսափելու համար, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ այդ մարդիկ կարող են հայտարարված մրցույթով կրկին անցնել աշխատանքի, եթե ի վիճակի են և սրա կամ նրա հարևանն ու բարեկամը չեն.

«Կարծում եմ՝ գոնե պետությունը չպետք է ստեղծի սուտ աշխատատեղեր, նախարարություններում կան մարդիկ, որոնք ստանում են չնչին աշխատավարձեր։ Կայացած մասնագետների համար մրցույթները պետք է լինեն մշտական, որպեսզի իրենց տեղը գտնեն»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս