Բաժիններ՝

Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել բողոքողների և ոստիկանության միջև

Բողոքողների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում Բարսելոնայի մի շարք շրջաններում, որտեղ ներկայում ընթանում է Իսպանիայի Նախարարների խորհրդի նիստը։

Բողոքի մի քանի ակցիաների մասնակիցները փորձում են ճեղքել-հասնել Լիոտհա-դե-Մար պալատ, որտեղ անցկացվում է նիստը: Պալատի մատույցներում ոստիկանական պահպանաջոկատներ են կարգված:

Բողոքի առավել արմատականորեն տրամադրված մասնակիցները քարեր ու ներկեր են նետում ոստիկանության վրա, շրջում են աղբամանները, պոկում լուսացույցները: Ի պատասխան ոստիկանությունը մահակներ է կիրառում: Արմատականները նաեւ հարձակվել են տեղական հեռուստաալիքներից մեկի թղթակցի ու օպերատորի վրա: Ներկայում բերման է ենթարկվել յոթ մարդ, հայտնել են Կատալոնիայի Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները:

Ամենաբազմամարդ ակցիան տեղի է ունենում Ֆրանսիական կայարանի մոտ՝ Լիոտհա-դե-Մար պալատից 300 մետր հեռավորության վրա, հավաքվածները վանկարկում են՝ «անկախություն»: Շենքի մատույցները փակված են ոստիկանության կողմից: Փակվել է նաեւ Սյուդադելա զբոսայգին, որտեղ տեղավորված է Կատալոնիայի խորհրդարանի շենքը:
Բողոքի ակցիաների պառճառը դարձել է Բարսելոնայում Իսպանիայի Նախարարների խորհրդի նիստի անցկացումը, որը սովորաբար ուրբաթ օրերին տեղի Է ունենում Մադրիդում:

Դեկտեմբերի 20-ին Բարսելոնայում տեղի է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորայի հանդիպումը: Դրա արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում Իսպանիայի եւ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվում են ջանքեր գործադրել եւ պահպանել երկխոսությունը տարածաշրջանային խնդրի կարգավորման համար: Կենտրոնական եւ տարածաշրջանային կառավարությունները համակարծիք են եղել, որ գոյություն ունի «հակամարտություն Կատալոնիայի ապագայի շուրջ»:

Մադրիդը եւ Բարսելոնան նշել են, որ «հանձնառու են արդյունավետ երկխոսությանը»՝ միտված «քաղաքական այնպիսի առաջարկություն գտնելուն, որը կվայելի կատալոնական հասարակության լայն աջակցությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս