Բաժիններ՝

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց երկրում բողոքների վերաբերյալ Մակրոնի առաջարկներին

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) լույս դեկտեմբերի 21-ի գիշերը հավանություն է տվել այն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկներն ամփոփող օրինագծին, որը պայմանավորված է «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներով: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ հաջակցություն օրինագծի արտահայտվել է 153 պատգամավոր, դեմ ինը, 58 խորհրդարանական ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Ինչպես նշում է գործակալությունը, նախագիծը դեկտեմբերի 21-ին կներկայացվի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) քննարկմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:

Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից:

«Դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի ավելացման դեմ, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից: Ցուցարարների կողմից կազմակերպված ակցիաների թիվը հասնում է հազարների: Երկրում արդեն հինգ անգամ շաբաթ օրերին անցկացվել են բողոքի համազգային օրեր, որոնք Փարիզում, Բորդոյում, Նանտում եւ մի շարք այլ քաղաքներում ուղեկցվել են ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումներով:

Ֆրանսիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ: նա նշել է, որ նոյեմբերի կեսերից շարունակվող բողոքների ընթացքում տուժել են 1843 քաղաքացիական անձ եւ 1048 իրավակարգի պահապան: Անկարգությունների զոհերի թիվը, որոնցով ուղեկցվել են բողոքի ակցիաները, հասել է իննի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս