Փակ համաձայնություններ, գործարքներ․ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ ծրագրեր են դիտարկվում Ռուսաստանում
«Ադրբեջանի նախագահը կառավարում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղեկատվական ակտիվություն կա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ Նախ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ առաջարկների մասին:
Լուկաշենկոն նշել է, որ այդ հարցը քննարկվել է դեռևս Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր:
Բելառուս առաջնորդը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասնական լուծում գտնել այդ հարցի համար՝ գնալով փոխզիջումների: Ընդ որում, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:
«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- շարունակել է պատմել Ա. Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է: «Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ»,- հավելել է Բելառուսի նախագահը:
Սրան զուգահեռ՝ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ԼՂՀ կառավարությունում, այդ թվում՝ առանցքային պաշտոնների հարցում։ Իսկ օրեր առաջ Բաքվում լրագրողների հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ադրբեջանական կողմն անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Լավրովը լրագրողներին պատմել էր, որ երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, և, որ Ադրբեջանը «կառուցողականորեն է տրամադրված»։
Սերգեյ Լավրովը նաև հույս էր հայտնել, որ հայկական կողմը կառավարությունը ձևավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները։
Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, արձագանքել է այս տեղեկատվական ակտիվությանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով, որ Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման համար ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից:
Ստանիսլավ Տարասովի դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ակտիվ բանակցային գործընթացը սկսվել է, ինտենսիվ աշխատանք կա։ Նրա խոսքով, աչքի է զարնում այն, որ Բաքվից գալիս են դրական ազդակներ, Փաշինյանը ևս տրամադրված է բանակցությունների, Լավրովը, Զախարովան խոսում են նույն բանի մասին, նախարարները վերջին ամիսներին հանդիպել են երեք անգամ և երկար զրույցներ ունեցել։
Տարասովի կարծիքով, եթե ամփոփենք, ապա անհնար է հենց այնպես 10 ժամ զրուցել, դա նշանակում է, որ կա կարգավորման պրոյեկտ, որը քննարկվում է։
Ի դեպ, քաղաքագետը հիշեցրեց, որ ԱԳ նոր նախարարը հանդիպել էր նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, նախկինում առկա պրոյեկտն էր, ամենայն հավանականությամբ, ներկայացվել, ինչը նշանակում է, որ նոր Կառավարությունը նախկինի կանոններով է առաջ շարժվում, ավելին՝ բանակցային գործընթացը փակ է պահվում։ Նրա որակմամբ՝ պրակտիկայում ամեն ինչ նախկինի նման է։
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդումներին, ապա քաղաքագետի կարծիքով՝ Լուկաշենկոյի այդ անկեղծությունն ասես պրովոկացիա լինի։ Նա նշեց, որ այդ պատմությունը հաստատելու համար պետք է խոսեն Պուտինը, Սարգսյանը, Ալիևը, նրանք պետք է հաստատեն կամ մերժեն այդ պնդումները։ Ավելին, նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչին է դեմ եղել Սերժ Սարգսյանը՝ տարածքների վերադարձի՞ն, թե՞ բելառուսառուսական զորքերի խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում։ Ըստ նրա, կարևոր արձանագրում է այն, որ այդ առաջարկներին համաձայնել է ադրբեջանական կողմը։
«Հիմա քննարկենք, թե ինչու է այդ մասին ասվում հենց հիմա։ Տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանի հարևանությունում՝ թուրքական մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը համաձայնություն կտա հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերսկսմանը, եթե հայերը հանձնեն 5 շրջաններ: Այսինքն՝ սա ես արտահոսք եմ համարում: Այնուհետև Փաշինյանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Ես կարծում եմ՝ կա որոշակի պլան, 5 շրջանի հանձնման պրոյեկտ կա։ Հասկանալի է նաև այն, որ դա կոմպրոմիսային պլան է։ Ադրբեջանը հրաժարվում է պատերազմից, Երևանի կոմպրոմիսը հստակ է, Բաքվի հնարավոր կոմպրոմիսների մասին կարելի է ենթադրություններ անել։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ է ստանում՝ ԼՂՀ անկախությո՞ւն, կասկածում եմ, Արցախի միջանկյալ կարգավիճա՞կ՝ Մադրիդյան սկզբունքների համաձայն, դա ձեռնտու է Ադրբեջանին։ Այդ միջանկյալ կարգավիճակի ընթացքում թուրքերը վերականգնում են հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանի շրջափակումը վերանում է, որից հետո ադրբեջանցիները հրապարակայնորեն կբարձրացնեն ադրբեջանցի փախստականների Ղարաբաղ վերադարձի հարցը։ Սա վարկածներից մեկն է, սակայն ամենաբարդ հարցը հետևյալում է՝ իսկ Ստեփանակերտն ինչպե՞ս է դրան վերաբերվելու, քանի որ մենք տեղյակ ենք այնտեղ առկա տրամադրություներին, այնտեղ մարդիկ անկախության մասին են խոսում, բանակցություններին են ուզում մասնակցել։ Բայց Փաշինյանը թեև հայտարարել է Ստեփանակերտի մասնակցության մասին, բայց Ղարաբաղին դեռ հեռու է պահում այդ ամենից, որի պայմաններում հնարավոր է կուլիսային գործարք Ստեփանակերտի թիկունքում։ Եթե Ստեփանակերտն անհամաձայնություն ունենա, Փաշինյանը կարող է խաղարկել ԼՂ խաղաքարտը, Հայաստանի խաղաքարտը շրջափակման հարցով։ Այս տարբերակով կարգավորումից հետո, որի պայմաններում կվերանա նաև հայ-թուրքական սահմանի վերահսկողության անհրաժեշտության հարցը, կբարձրացվի Գյումրիի ռուսական ռազմական բազան դուրս բերելու հարցը, որով դուրս կբերվի Անդրկովկասից ռուսական ազդեցությունը։ Սա վարկած է, մոզաիկա, որը հավաքվում է՝ վերջին բոլոր իրադարձությունները վերլուծելիս»,- ասաց Տարասովը։
Ռուս փորձագետի կարծիքով, անհանգստացնող է, որ կան դրական ուղերձներ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին կապել է Ղարաբաղի խնդրին՝ մինչև դեկտեմբերի 9-ը եղավ համաձայնություն Դուշանբեում, ժամանակ տրվեց մինչև ընտրությունները Փաշինյանին, ըստ էության ադրբեջանական կողմն աջակցեց Փաշինյանին, շփման գիծը խաղաղ էր, թեև կարող էր հակառակը լինել: Իսկ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանը թուլացել է, արտաքին ոլորտում և Ղարաբաղի հարցով նա կարծես զրկված է նախաձեռնողականությունից, իրավիճակն Ադրբեջանի ձեռքում է։ Նա նկատեց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջանում նման իրավիճակ չի եղել, երբ Ադրբեջանը թելադրի։
Ստանիսլավ Տարասովը պարզաբանեց, թե ինչու է ռուսական կողմը շահագրգռված բանակցությունների վերսկսման հարցով։ «Խոսեմ մեր տպավորությունների մասին։ Նոր իշխանությունները փորձառու չեն, մեկ բան է՝ գոռալ փողոցում, մեկ այլ բան՝ երկրի ճակատագրիր որոշել։ Այսօր մի բան է ասում, վաղը՝ մեկ այլ։ Նա մեծ սխալ արեց Խաչատուրովի դեպքում, եղան այլ սխալներ ևս։ Երբ խոսվում է հայակենտրոնության մասին, այն մասին, որ բոլոր գերտերությունները, գործընկերները պետք է Երևանի շուրջ պտտվեն, Ռուսաստանը և Արևմուտքը ծառայեն Հայաստանի շահերին, մի փոքր անհասկանալի տպավորություն է ստեղծվում գործընկեր երկրներում, քանի որ հայակենտրոնությունը հոգում պետք է ունենալ, բայց գործընկերների հետ նման ձևով չեն խոսում։ Սա անհանգստություններ է առաջացնում։
Իսկ ինչի՞ համար է ռազմավարական գործընկերությունը՝ միայն կարիքներ հոգալո՞ւ։ Մոսկվան ցանկանում է ստեղծել մի իրավիճակ, որ Ադրբեջանը գոնե հայտնվի իրենից շնորհակալի կարգավիճակում, որ Ադրբեջանը զգա արտաքին սպառնալիք, իսկ դա ներկայումս իրատեսական է, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում է հարևանությունում։ Ադրբեջանը սպառնալիք է զգում և Ռուսաստանի կարիքն ունի։ Չի բացառվում, որ լինեն փակ համաձայնություններ մեր զորքերը դուրս բերելու շուրջ։
Ենթադրաբար, Մոսկվան վերադառնում է սովետական բանաձևին՝ Հարավային Կովկասում Ադրբեջանը՝ գլխավոր գործընկեր, որի միջոցով Վրաստանի նկատմամբ ազդեցության ձեռքբերում, Հայաստանի նկատմամբ ազդեցության պահպանում։ Դա կդյուրացնի ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Իսկ կոնկրետ Ղարաբաղում տարբեր սցենարներ կարող են լինել՝ ռուսական ներկայություն, Ադրբեջանի կազմում մի շարք շրջաններ, այդ թվում՝ Ստեփանակերտը, բայց անվտանգության երաշխիքներով։ Դա դիտարկվում է, կարծում եմ»,- ասաց Տարասովը։
Նրա տպավորությամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույսեր է կապում Եվրոպայի հետ, որը ճգնաժամի մեջ է՝ Մերկելը հեռանում է, Մակրոնը վատ վիճակում է, ամերիկացիներն իրենց խնդիրներն ունեն։ «Եվ ո՞վ է Փաշինյանին աջակցելու, Պուտինից բացի՝ նա որևէ մեկին պետք չէ։ Փոխարենը նրանք գրագետ վերլուծություն անեն, օբյեկտիվ հետևություններ անեն, կասկածներ են սերմանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում։ Բայց կարող էին գոնե այդ կասկածների հիմքերը դնել։ Իրականում սա բարդ իրավիճակ է։ Տարբեր սցենարներ կարող են լինել Ղարաբաղի շուրջ, այն, ինչ խոսեցի, քննարկվում է, դիտարկվում է»,- ասաց Տարասովը։