«Օսկարի» հանձնման արարողությունը կարող է տեղի ունենալ առանց հիմնական հանդիսավարի. Variety
Կատակերգակ դերասան Քեւին Հարթի հրաժարումը «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողության հանդիսավարի դերից Կինոարվեստների ամերիկյան ակադեմիային հարկադրում է քննարկել տարբերակ, որի դեպքում արարողության ժամանակ հիմնական վարող ընդհանրապես չլինի: Դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել է Variety հանդեսը:
Անցյալ շաբաթ Հարթը Twitter-ում հայտնել է, որ որոշել է հրաժարվել «Օսկարի» հանձնման արարողության հանդիսավարի դերից: Այդ հայտարարությունն անակնկալի է բերել կազմակերպիչներին, գրում է հանդեսը, քանի որ ո՛չ Կինոարվեստների ամերիկյան ակադեմայի ղեկավարությունը, ո՛չ էլ ABC հեռուստաընկերության ղեկավարությունը նման հնարավորություն նկատի չեն ունեցել:
Variety-ի տվյալներով՝ տարբերակներից մեկն այն է, որ ընդհանրապես բավարարվեն առանց արարողության հիմնական վարողի, իսկ դրա փոխարեն բեմ հրավիրեն մի մեծ խումբ հայտնի գործիչների, որոնք ելույթ կունենան հերթականությամբ: Աղբյուրներից մեկն այդ տարբերակն անվանել է «խմբային մենախոսություն»: «Օսկարի» հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Dolby Theatre-ում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: