«Ժամանակի ընթացքում ինչպես Գագիկ Ծառուկյանի վարկանիշն անկում ապրեց, նույնը տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյանի հետ». Արմեն Բադալյան

«Ընտրությունները լեգիտիմ էին. լեգիտիմ է մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը, և ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։ Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեք ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի հանդեպ, դա որևէ նշանակություն չունի, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Խորհրդարան մտած ուժերից երկուսը՝ «Իմ քայլը» դաշինքն ու ԲՀԿ-ն, ըստ նրա՝ լիդերային կուսակցություններ են. «Այսինքն՝ այնտեղ կարևորը լիդերի հանգամանքն է։ Խորհրդարան մտած մյուս ուժը՝ ԼՀԿ-ն, գաղափարաքաղաքական ուժ է, որն էլեկտորատի կողմից ընկալվում է՝ որպես չափավոր արևմտամետ, ազատական ուժ։ Շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանում ռուսամետ զանգվածը կամ թույլ է, կամ ուղղակի գոյություն չունի։ Չնայած՝ իհարկե, պետք է ընդունենք, որ գոյություն ունի, որովհետև ի վերջո Հայաստանում հանդիպում ենք մարդկանց, որոնք կողմ են ՌԴ-ի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալուն, բայց պարզվում է, որ այդ ընտրազանգվածը թույլ է և չի կարողանում ինքնակազմակերպվել։ Սա նույնպես հետաքրքիր երևույթ է և սրան պետք է ուշադրություն դարձնել»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ժամանակի ընթացքում, ինչպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշն անկում ապրեց, և ըստ նրա՝ մաշվում է, նույնը տեղի կունենա նաև «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ.

«Դա բնական գործընթաց է, և դոմինանտ կդառնա Հայաստանի էլեկտորալ դաշտում արևմտամետ ընտրազանգվածը։ Փաստորեն, Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս, որ իր արժեհամակարգով ավելի շուտ Արևմուտք է նայում՝ ԵՄ, ԱՄՆ։ Եթե գումարենք ԼՀԿ-ի և «Մենք» դաշինքի ձայները, կտեսնենք, որ նրանք ԲՀԿ-ից ավելի շատ ձայն են ստանում, եթե մի քիչ էլ «Սասնա ծռերի» հակառուսական ձայները գումարենք, ավելի շատ է անում, քան ԲՀԿ-ինը։ Արևմտամետ ընտրազանգվածն աստիճանաբար ակտիվանում է, և սա՝ ի գիտություն հետագա բոլոր ուժերին»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս