Վերջին պատժամիջոցներից հետո Թուրքիան Իրանից հում նավթ չի գնել
Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից հետո Թուրքիան դադարեցրել է հում նավթի ներկրումը Իրանից:
Նշվում է, որ Թուրքիայի ամենամեծ նավթավերամշակման ընկերությունը՝ «Tüpraş»-ը, նոյեմբերին ընդհանրապես հում նավթ չի ներկրել Իրանից: Մինչդեռ նույն ընկերությունը հոկտեմբերին օրական հաշվարկով Իրանից 129.000 բարել հում նավթ էր ներկրում:
Հայտնի է, որ Թուրքիան իրանական նավթի ամենամեծ գնորդներ հանդիսացող այն 8 երկրների շարքում է, որոնք կարողանալու են շարունակել իրանական նավթի ներկրումը՝ չենթարկվելով պատժամիջոցների ազդեցությանը: Պարզապես խնդիրն այն է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ 8 երկրի համար ԱՄՆ-ի սահմանած արտոնությունը: Այդ պատճառով էլ Թուրքիան ապահովության համար դադարեցրել է հում նավթի ներկրումը:
Նշենք, որ ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության՝ Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը, Իտալիան, Թայվանը, Ճապոնիան և Հարավային Կորեան այն 8 երկրներն են լինելու, որոնք չեն տուժի Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներից: